ԴԱՆԻԵԼ 7:1-7
ԴԱՆԻԵԼ 7:1-7 ՆՎԱԱ
Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում՝ տեսիլքներ. հետո գրեց երազը և սկսելով խոսքը՝ ասաց։ Դանիելն ասաց. «Գիշերը տեսիլքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի չորս հողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։ Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից՝ մեկը մյուսից տարբեր։ Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։ Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. “Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր”։ Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձ նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։ Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։