YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 22

22
Հեսուն արևելքի ցեղերին ուղարկում է տուն
1Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի և Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին 2ու նրանց ասաց. «Դուք անսացիք այն ամենին, ինչ որ հրամայել էր ձեզ Տիրոջ ծառա Մովսեսը, և լսեցիք իմ խոսքն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ. 3այսքան օրեր չլքեցիք ձեր եղբայրներին. դեռ ավելին, մինչև այսօր պահեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները։ 4Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։ 5Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն պատվիրաններն ու օրենքը, որ պատվիրել է մեզ Տիրոջ ծառա Մովսեսը. այն է՝ սիրել Տիրոջը՝ մեր Աստծուն, ընթանալ նրա բոլոր ճանապարհներով, պահել նրա պատվիրանները, հարել նրան և պաշտել նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։ 6Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց տները։
7Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց. 8«Հարստությամբ գնացե՛ք ձեր տները. թշնամուց ավար առնված անասունը, արծաթը, ոսկին, պղինձը, երկաթը և զգեստները կիսե՛ք ձեր եղբայրների հետ»։ 9Եվ գնացին։ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալվածքի երկիրը, որ ժառանգել էին Մովսեսի միջոցով՝ Տիրոջ հրամանի համաձայն։
Հորդանան գետի եզերքին կառուցված զոհասեղանը
10Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի Գալիլովթ վայրը, որ քանանացիների երկրում է, և Հորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին, վեհատեսիլ մի զոհասեղան։ 11Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։ 12Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, հավաքվեցին Սելովում, որ ելնեն պատերազմելու նրանց դեմ։ 13Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, ուղարկեցին Փենեեսին՝ Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդուն 14և նրա հետ իշխաններից տասը մարդ՝ Իսրայելի բոլոր ցեղերից մի-մի իշխան։ Նահապետական տների այդ իշխաններն Իսրայելի հազարապետներ էին։ 15Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին. 16«Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Այդ ի՞նչ հանցանք գործեցիք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու դեմ՝ խոտորվելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով և Տիրոջ՝ մեր Աստծու դեմ ապստամբելով։ 17Մի՞թե քիչ է մեզ համար Փոգովրի մեղքը, որից մինչև հիմա չենք մաքրվել, և որի համար Տիրոջ ժողովրդի վրա հարվածներ եկան։ 18Դուք էլ այսօր խոտորվեցիք Տիրոջից։ Եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը բարկություն կթափվի ամբողջ Իսրայելի վրա։ 19Եթե ձեր կալվածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և մեր մեջ կալվա՛ծք վերցրեք, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։ 20Չէ՞ որ Զարայի շառավիղ Աքարը հանցանք գործեց՝ նզովված իրերից վերցնելով, իսկ բարկությունն Իսրայելի ամբողջ ժողովրդի վրա թափվեց. նա միայնակ էր, բայց մի՞թե միայն ինքը մեռավ իր մեղքերի համար”»։
21Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը պատասխան տվեցին և խոսելով հազարապետների հետ՝ ասացին. 22«Աստված, Աստված է Տերը և Աստված, Աստված ինքը գիտի, և Իսրայելն ինքն էլ թող իմանա. եթե ապստամբելով հանցանք գործեցինք Տիրոջ դեմ, թող մեզ այսօր չփրկի։ 23Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք, որպեսզի նրա վրա ողջակեզ մատուցելով կամ փրկության զոհ անելով, ապստամբենք Տիրոջ դեմ, Տերն ինքը թող վրեժխնդիր լինի։ 24Մենք բարեպաշտորեն արեցինք այս՝ ասելով, թե գուցե ձեր որդիները խոսեն մեր որդիների հետ և ասեն. “Ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, 25Ռուբենի՛ որդիներ և Գադի՛ որդիներ, Տերը մեր և ձեր միջև Հորդանան գետը սահման դրեց, և դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ ձեր որդիները մեր որդիներին հեռացնեն Տիրոջը պաշտելուց։ 26Ուստի ասացինք՝ այսպես անենք. շինենք այս զոհասեղանը ոչ թե ողջակեզների և զոհերի համար, 27այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։ 28Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների և զոհերի համար, այլ որպես վկայություն մեր և ձեր միջև և մեր որդիների միջև”։ 29Քա՛վ լիցի, որ մենք այսօր ապստամբենք Տիրոջ դեմ և զոհի, ողջակեզի կամ փրկության զոհի համար զոհասեղան շինենք, բացի Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է”»։
30Փենեես քահանային և ժողովրդի բոլոր իշխաններին՝ Իսրայելի հազարապետներին, որ նրա հետ էին, հաճելի թվացին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը։ 31Տիրոջ քահանա Փենեեսը՝ Եղիազարի որդին, ասաց Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին. «Այսօր իմացանք, որ Տերը մեզ հետ է, որովհետև դուք Տիրոջ առաջ հանցանք չգործեցիք և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։
32Փենեես քահանան՝ Եղիազարի որդին, և տոհմերի իշխանները վերադարձան Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտից՝ Գաղաադ երկրից քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և նրանց տվեցին բացատրությունը։ 33Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Իսրայելի որդիների Աստծուն, խոսեցին Իսրայելի որդիների հետ ու ասացին, որ այլևս պատերազմի դուրս չեն գա նրանց դեմ՝ կործանելու Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի երկիրը, որտեղ նրանք բնակվում էին։ 34Հեսուն անուն դրեց Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի զոհասեղանին և ասաց, որ դա Վկայություն է նրանց մեջ, թե Տերը նրանց Աստվածն է։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 22: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ՀԵՍՈՒ 22