YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 8

8
Անապատի փորձությունը
1«Տեսե՛ք, որ կատարեք ձեզ հաղորդած իմ բոլոր պատվիրանները, որպեսզի ապրեք, բազմապատկվեք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին։ 2Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։ 3Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։ 4Քո զգեստները չմաշվեցին, քո ոտքերը այն քառասուն տարին կոշտուկներով չպատվեցին։
5Հոգուդ մեջ պիտի համոզվես, որ ինչպես մարդ խրատում է իր որդուն, այնպես էլ Տերը՝ քո Աստվածը, խրատեց քեզ։ 6Պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, գնա՛ նրա ճանապարհներով և երկյո՛ւղ կրիր նրանից։ 7Այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տանելու է քեզ, լավ ու բերրի մի երկիր է, որտեղ դաշտերում ու լեռներում բխում են ջրերի վտակներ ու երկրի խորքերից՝ աղբյուրներ։ 8Դա ցորենի, գարու և գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր, 9որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։ 10Կուտես, կհագենաս ու կօրհնես Տիրոջը՝ քո Աստծուն, այն բարեբեր երկրում, որ նա տվեց քեզ։
11Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, չպահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու օրենքները, որ ես հաղորդում եմ քեզ։ 12Չլինի թե երբ ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, 13և քո արջառն ու ոչխարը բազմանան, քո արծաթն ու ոսկին շատանան, քո ունեցած ամեն ինչը բազմանա, 14գոռոզամտանաս ու մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որը հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ քո ստրկության տնից, 15անցկացրեց քեզ մեծ ու ահազդու անապատի միջով, որտեղ օձն ու կարիճը խայթում էին, ծարավում էինք և ջուր չկար, և նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբյուր բխեցրեց։ 16Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։ 17Քո մտքում մի՛ ասա. “Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել այս մեծ հարստությանը”, 18այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։
19Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։ 20Եթե չանսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից»։
Իսրայելի անհնազանդությունը

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 8: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in