Բ ՕՐԵՆՔ 6
6
Մեծ պատվիրանը
1«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։ 2Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։ 3Լսի՛ր, Իսրայե՛լ, և հետևի՛ր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպես քո հայրերի Աստված խոստացավ տալ քեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում»։
4Սրանք են այն օրենքներն ու կանոնները, որ Մովսեսն անապատում հաղորդեց Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից ելնելուց հետո։
«Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը։ 5Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։ 6Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում և քո հոգու մեջ։ 7Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։ 8Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, 9դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա»։
Զգուշացում անհնազանդության դեմ
10«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս, 12զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ 13Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա՛ անունով երդվիր։ 14Օտար աստվածների, ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից մի՛ գնա, 15որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ ձեր մեջ է, նախանձախնդիր Աստված է։ Այնպես չլինի, որ Տերը՝ քո Աստվածը, սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից։
16Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն, ինչպես փորձեցիք Փորձությունում [𝕸 Մասսա]։ 17Անսասա՛ն պահիր Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ հաղորդած պատվիրանները, օրենքներն ու կանոնները։ 18Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն բարեբեր երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին՝ 19հալածելով բոլոր թշնամիներին քո առջևից, ինչպես ասել է։
20Եվ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի՝ “Այդ ի՞նչ պատվիրաններ, օրենքներ ու կանոններ են, որ Տերը՝ մեր Աստվածը, պատվիրել է մեզ”, 21ապա քո որդուն կասես. “Եգիպտոսում փարավոնի ստրուկներն էինք մենք, և Տերը՝ Աստված, հզոր ձեռքով ու բարձր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։ 22Տերը եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա տան վրա մեր ներկայությամբ սոսկալի նշաններ և մեծագործություններ արեց։ 23Նա մեզ դուրս բերեց այնտեղից, որպեսզի բերի այստեղ, մեզ տա այն երկիրը, որ երդվել էր տալ մեր հայրերին։ 24Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի լավ լինի մեզ համար մեր կյանքի բոլոր օրերում, և ապրենք, ինչպես որ ապրում ենք այսօր։ 25Մեզ ողորմածություն կլինի, եթե Տիրոջ՝ մեր Աստծու առջև զգուշությամբ կատարենք բոլոր այս պատվիրանները, ինչպես որ Տերը պատվիրեց մեզ”»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 6: ՆԷԱ
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն