YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 13

13
Պատիժ կռապաշտություն հորդորողներին
1«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։ 2Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա, 3քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ “Գնանք պաշտենք աստվածների”, որոնք օտար են և անծանոթ ձեզ համար, 4մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։ 5Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք, 6Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։
7Եթե քո հոր կամ մոր կողմից քո եղբայրը կամ քո տղան կամ քո դուստրը կամ քո ծոցում պառկող կինը կամ անձիդ պես սիրելի բարեկամդ գաղտնաբար խնդրի քեզ ու ասի. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնց դու և քո հայրերը չեք ճանաչել, 8որոնք ձեր շուրջը գտնվող, քեզ մոտիկ կամ քեզանից հեռու, երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ազգերի աստվածներ են, 9չենթարկվես, չլսես նրան, չխնայես, չգթաս նրան ու չթաքցնես նրան՝ չծածկես նրա արարքը։ 10Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։ 11Թող քարկոծեն ու սպանեն նրան, որովհետև նա փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ 12Ամբողջ Իսրայելը, այդ լսելով, թող զարհուրի, և ձեր մեջ ոչ ոք թող չհանդգնի նման չար արարք կատարել։
13Եթե լսես քաղաքներից մեկում, որոնք Տերը՝ քո Աստվածը, բնակվելու համար տալու է քեզ, 14թե՝ Ձեր միջից անօրեն մարդիկ դուրս ելան ու հեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ասելով. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնք անծանոթ են ձեզ համար, 15ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ սրբապղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ, 16ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։ 17Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։ 18Նրա նզովված իրերից ոչինչ չվերցնես, որպեսզի Տերը մեղմի իր բարկությունը, գթառատ լինի քո նկատմամբ, ողորմի քեզ և քեզ բազմացնի այնպես, ինչպես երդվել էր Տերը քո հայրերին, 19եթե անշուշտ լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, Տիրոջ՝ քո Աստծու առջև բարին և հաճելին գործես»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 13: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in