YouVersion Logo
Search Icon

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

23
Հովսիան վերանորոգում է դաշինքն Աստծու հետ
(Բ Մն. 34.3-729-33)
1Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։ 2Արքան գնաց Տիրոջ տուն։ Հուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, նրա հետ էին։ Նրանց առաջ նա ընթերցեց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի մատյանի բոլոր խոսքերը։ 3Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։
Կրոնական բարեփոխումներ Հուդայում
4Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։ 5Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Հուդայի արքաները, և որոնք բարձունքներում, Հուդայի բոլոր քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը խունկ էին ծխում, ինչպես նաև արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ողջ զորություններին խնկարկողներին։ 6Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։ 7Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։ 8Նա բոլոր քրմերին հանեց Հուդայի քաղաքներից, Գաբաայից մինչև Բերսաբեե քարուքանդ արեց բարձունքները, որտեղ քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Հեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնվող տունը։ 9Բարձունքների քրմերն այլևս Երուսաղեմում գտնվող Տիրոջ զոհասեղանին չէին մոտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։ 10Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։ 11Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մոտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մոտ գտնվող այն ձիերը, որ Հուդայի արքան նվիրել էր արեգակին. արեգակին նվիրված մարտակառքերը հրի մատնեցին։ 12Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։ 13Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։ 14Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց պաշտամունքային փայտե սյուները և նրանց տեղը մարդկանց ոսկորներով ծածկեց։
15Բեթելի բարձունքում գտնվող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամը, այս բարձր զոհասեղանը ևս կործանեց. նրա քարերը ջարդուփշուր անելով՝ փոշու վերածեց, իսկ պաշտամունքի սյունը այրեց։ 16Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին, 17և ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայի երկրից և Բեթելի այս զոհասեղանի մասին ասաց այն, ինչ դու արեցիր»։ 18Հովսիան ասաց. «Ձեռք մի՛ տվեք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ էին թաղված։ 19Բարձունքները, որոնք Իսրայելի թագավորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայելի արքա Հովսիան քանդեց և ամեն ինչ արեց այնպես, ինչպես Բեթելում էր արել։ 20Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
Զատկի տոնակատարություն
(Բ Մն. 35.1-19)
21Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։ 22Իսրայելը ղեկավարող դատավորների օրերից սկսած՝ Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների օրոք նման Զատիկ չէր եղել։ 23Հովսիա արքայի թագավորության տասնութերորդ տարում Երուսաղեմում կատարեցին Տիրոջ այդ զատիկը։
Հովսիայի կրոնական բարեփոխումները
24Հովսիան վերացրեց վհուկներին, նշանագետներին, մեռելահարցուկներին, կուռքերը և Հուդայի երկրում ու Երուսաղեմում եղած ամեն տեսակ գարշությունները, որպեսզի հաստատի Օրենքի գրքի այն խոսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատյանում էին գրված։ 25Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զորությամբ, ըստ Մովսեսի բոլոր օրենքների, հակվեր դեպի Տերը։ Ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը։ 26Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։ 27Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։
Հովսիայի թագավորության վախճանը
(Բ Մն. 35.20-27)
28Հովսիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
29Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։ 30Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։
Հուդայի երկրի Հովաքազ թագավորը
(Բ Մն. 36.1-3)
Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։ 31Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։ 32Հովաքազը չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև՝ կրկնելով իր հայրերի ամեն տեսակ վատ արարքները։ 33Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։
Հուդայի երկրի Հովակիմ թագավորը
(Բ Մն. 36.4-8)
34Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։ 35Հովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարավոնին, սակայն փարավոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրա հարկ դրեց։ Ամեն մեկն իր համար սահմանված հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր տալիս՝ Նեքավով փարավոնին տալու համար։
36Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Հեդդելայի դուստրն էր։ 37Տիրոջ առջև նա գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in