YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

15
Ասայի բարեկարգությունները
1Տիրոջ հոգին իջավ Ադադի որդի Ազարիայի վրա։ 2Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։ 3Երկար ժամանակ Իսրայելը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցաներ, և առանց օրենքի, 4բայց երբ դարձավ դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տերը հայտնվեց նրանց։ 5Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գավառների բոլոր բնակիչների վրա։ 6Ազգը ազգի դեմ էր պատերազմում, և քաղաքը՝ քաղաքի, քանի որ Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։ 7Արդ, դուք զորացե՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։
8Երբ Ասան լսեց այս խոսքերը և Ազարիա մարգարեի մարգարեությունը, զորացավ և Հուդայի ու Բենիամինի երկրներից և այն քաղաքներից, որ գրավել էր Եփրեմի լեռան վրա, դուրս նետեց բոլոր կուռքերը։ Նա կատարեց նաև Տիրոջ տաճարի առջևում գտնվող Տիրոջ զոհասեղանի նավակատիքը։ 9Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։ 10Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին նրանք հավաքվեցին Երուսաղեմում։ 11Այդ օրը նա բերված ավարից Տիրոջ համար յոթ հարյուր զվարակ ու յոթ հազար ոչխար զոհաբերեց։ 12Նա ուխտ դրեց, որ Տիրոջը՝ իրենց Աստծուն, պետք է պաշտեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ 13Իսկ ով չէր պաշտի Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պետք է մեռներ՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին։ 14Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդվեցին Տիրոջը։ 15Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։ 16Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։ 17Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։ 18Նա տաճար տարավ իր նախահայր Դավթի սրբությունները և Տիրոջ՝ Աստծու սրբությունները՝ արծաթ, ոսկի ու սպասք։ 19Պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15