Աստծու արդարությունը մեր ապահովությունն էՕրինակ

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

ՕՐ 3 7-ից

Այս անարդար աշխարհում մեր հույսն Աստծու արդարությունն է

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը։ Նախորդ երկու ուղերձների մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է արդարությունը և թե ինչպիսին է Տեր Աստծու արդարությունը։ Իսկ այս ուղերձի մեջ խոսելու ենք մեզ շրջապատող անարդար աշխարհի մեջ Տեր Աստծու արդարության բերած ապահովության ու հույսի մասին։

Սիրելի՛ բարեկամ, երբևէ լսե՞լ ես այս խոսքերը․ «․․․տեսնես՝ գոնե մեկ տե՞ղ կլինի, որտեղ արդարությունն է տիրում»։ Սովորաբար, նման խոսքեր ասում են այն մարդիկ, որոնք հերթական անգամ բախվում են անարդարության դրսևորումների ու դրանց ցավալի հետևանքներին։

Մեր աշխարհը լի է անարդարությամբ և ստով։ Եթե Աստծու արդարության հիմքը ճշմարտությունն է և իրավունքը, ապա այս աշխարհի անարդարությունը բխում է ստից ու անիրավությունից։ Կարծում եմ՝ երկար բացատրելու կարիք չկա, թե ինչպիսի դրսևորումներ ունի մեզ շրջապատող աշխարհի անարդարությունը, քանի որ յուրաքանչյուրս էլ այս կամ այն կերպ մեր մաշկի վրա զգացել ենք դրա ցավալի ազդեցությունները։

Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։

«Որովհետև Աստծու Արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիս 14․17):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մի զարմանահրաշ իրողություն է կերտում Նրա յուրաքանչյուր աշակերտի կյանքում։ Սուրբ Հոգին է բնակվում վերջինիս ներսում և Իր հետ բերում է Աստծու Արքայության արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունը։

Աստծու Արքայությունն այնտեղ է, որտեղ կա հավատք և հնազանդություն տերերի Տիրոջ և թագավորների Թագավորի Խոսքի ու կամքի հանդեպ։ Տեր Աստծու արդարությունը բոլոր կեղեքվածների ու այս աշխարհի անարդարության զոհ դարձած մարդկանց հույսն է և ապահովությունը։ Տեր Հիսուսը հե՛նց այսպիսի մարդկանց համար է մարմնացել ու աշխարհ եկել, որպեսզի մխիթարի, զորացնի ու փրկի նրանց։

«Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և Իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4․16-19):

Աստված արդար է և Իր արդարությամբ զորավոր փրկություն է հոգացել սրտով կոտրվածների ու կեղեքվածների, գերիների ու հարստահարվածների, կույրերի ու Քրիստոսի կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդու համար։ Մի օր մեր Տերը վերադառնալու է, և այն Արքայությունը, որը Նրա շնորհիվ մեր ներսում է, հաստատվելու է այս երկրի վրա տեսանելի ու բոլորին ընկալելի կերպով։ Եվ Աստծու արդարությունը, որը մեր հույսն է և ապահովությունը, բնակվելու է Նրա գահակալության ողջ տիրույթում, ինչպես նաև Նրա ստեղծած նոր երկնքի ու նոր երկրի մեջ․․․

«Բայց մենք, Նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում» (Բ Պետրոս 3․13)

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am