Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետՕրինակ

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

ՕՐ 2 7-ից

Դու թանկ ես Տեր Աստծու համար

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Զրույց«Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք քո հանդեպ Տեր Աստծու անսահման մեծ ու զոհաբեր սիրո մասին։ Իսկ այսօր ուզում եմ քեզ քաջալերել ու վստահեցնել, որ Աստված ոչ միայն սիրում է քեզ, այլև քեզ շատ թանկ է գնահատում, ինչն, անշուշտ, բխում է քո հանդեպ Նրա ունեցած սիրո մեծությունից։

Սիրելի՛ բարեկամ, արդեն գրեթե չորս տարի է, որ «Քո հրաշքն՝ ամեն օր» անվանումը կրող մեր ուղերձներից յուրաքանչյուրի մեջ կան այս տողերը՝ «Աստծու համար թանկ ու սիրելի՛․․․»։ Այո՛, մեր յուրաքանչյուր ուղերձի մեջ ես փորձել եմ շեշտադրել այն աստվածաշնչյան ճշմարտությունը, որ մարդը շատ թանկ է Տեր Աստծու համար ու սիրելի։

Ե՛կ ուշադիր ընթերցենք Եսայիա մարգարեի միջոցով փոխանցված Տեր Աստծու խոսքերը, որոնք վերաբերում են Տեր Աստծուն հավատացող և Նրա ժողովուրդը համարվող մարդկանց․ «Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև դու թանկագին ես Իմ աչքին. պատիվ գտար, և Ես սիրեցի քեզ» (Եսայիա 43.1-2,4):

Դու թանկ ես Տեր Աստծու համար։ Մեր ինքնագնահատականը շատ դեպքերում ձևավորվում է մեր մասին մարդկանց ունեցած կարծիքի կամ նրանց վերաբերմունքի հիման վրա։ Մարդիկ սխալական են։ Նրանք կարող են վատ մարդուն բարձր գնահատել, քանի որ իրենց շահից է դա բխում, և կարող են լավ մարդուն ցածրարժեք տեսնել, քանի որ այդ մարդուց օգուտ չունեն կամ տվյալ մարդը չի համապատասխանում իրենց ընկալումներին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո արժեքը չի որոշվում մարդկանց ունեցած վերաբերմունքով։ Քո արժեքը միայն Աստված կարող է որոշել, և Նա քեզ շատ թանկ է գնահատել։ Մի՛ լսիր մարդկանց խոսքերին, թե դու Աստծու կողմից մոռացված մեկն ես։ Մի՛ լսիր անգամ քո մտքերին, թե դու վատն ես ու արժանի չես, որ Աստված սիրի քեզ և, առավել ևս, թանկ գնահատի ու մեծագույն արժեքով արժևորի քեզ։ Լսի՛ր Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններին։

«…ձեզ դիպչողը Նրա աչքերի բիբին է դիպչում» (Զաքարիա 2.8):

Այս խոսքերը վերաբերում են Աստծու հավատարիմ զավակներին։ Դու Նրա ժողովուրդն ես, եթե հավատում ես Տեր Հիսուսի խոսքերին, Նրա փոխանցած ուսուցումների ճշմարիտ լինելուն, Գողգոթայի խաչի վրա Նրա կատարած զոհին ու հարության անհերքելի փաստին։ Դու Նրա ընտանիքի մի անդամն ես, եթե որոշել ես կյանքդ ապրել որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ՝ ընդունելով Նրա ուսուցումներն ու պահելով Նրա փոխանցած պատվիրանները։ Դու թանկ ես Տեր Աստծու համար։

Նա քեզ համեմատում է Իր աչքի բիբի հետ։ Քո ցավը Նրա ցավն է։ Քո տառապանքը՝ Նրա տառապանքը։ Քո վիշտը Նրա վիշտն է։ Հե՛նց այդ պատճառով է Տերը քեզ ասում․ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև դու թանկագին ես Իմ աչքին. պատիվ գտար, և Ես սիրեցի քեզ»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Աստված սիրում է քեզ և քո կողքին է քեզ օգնելու համար։ Համարձակությամբ մոտեցի՛ր Նրա շնորհի աթոռին։ Աղոթքով գնա՛ Տիրոջ առջև ու քո գոհության և երախտագիտության փառաբանությունը մատուցի՛ր Նրան։ Նաև խնդրի՛ր օգնություն քո իրավիճակի համար։ Քո արժեքը չի որոշվում մարդկանց ունեցած վերաբերմունքով։ Քո արժեքը միայն Աստված կարող է որոշել, և Նա քեզ շատ թանկ է գնահատել։ Հնազանդությամբ ապացուցված կենդանի հավատքը դուռ է բացում քո կյանքում Տեր Աստծու գործելու համար։ Աստված քեզնից հոգևոր աճ, հասունություն և ամրություն է ակնկալում, որին հասնելու համար մենք պետք է դառնանք աշակերտներ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ hisus.am