Դու կարո՛ղ ես հանդիպել ԱստծունՕրինակ

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

ՕՐ 2 7-ից

Աստծուն հանդիպելու նախապայմանը

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված Ինքն է պատվիրում մարդուն փնտրել Իրեն։ Եվ եթե մարդն իր ամբողջ սրտով փնտրի Աստծուն, ապա անպայման գտնելու է Նրան (տե՛ս Բ Օրինաց 4․29 խոսքը)։

Սիրելի՛ բարեկամ, այսօր փորձելու ենք միասին ուսումնասիրել Աստծու Խոսքը և բացահայտել, թե ինչպիսի՞ նախապայման է Աստված առաջ բերում Իր հետ հանդիպելու փափագ ունեցող մարդու համար։ Ո՞ւմ է Աստված հայտնում Իրեն, և ովքե՞ր են, որ որքան էլ փնտրեն Աստծուն, առանց այս կարևորագույն նախապայմանի իրագործման երբե՛ք չեն կարող գտնել Նրան։

«Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհաննես 14.21):

«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):

Ի՞նչ ենք սովորում աստվածաշնչյան այս զորավոր հատվածներից։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում է, որ Իրեն սիրողների կյանքում մի զորավոր ու զարմանահրաշ իրադարձություն է տեղի ունենալու՝ Տեր Հիսուսը գալու է ու Իրեն հայտնելու է այդ մարդկանց։ Սակայն որքան որ հստակ է այս սքանչելի խոստումը, այնքան էլ հստակ Տերը բացատրում է, թե ովքե՛ր են Իրեն սիրողները՝ միայն և միմիայն Իր ուսուցանած սկզբունքներն ու պատվիրանները պահողները։

Իսկ սաղմոսերգուն մեզ փոխանցում է աստվածաշնչյան ևս մեկ ճշմարտություն՝ Տեր Աստծու ներկայության մեջ կարող է կանգնել միայն այն մարդը, որը մեղքից մաքրված ձեռքեր ունի և նենգությունից ազատ սիրտ, որը չի սիրում անիրավության կյանքը և իր ամբողջ սրտով ձգտում է Տեր Աստծու կամքը կատարելուն։ Աստված Իրեն հայտնում է նման մարդկանց, քանի որ Ինքը սուրբ է, և առանց սրբության կյանք ապրելու ոչ ոք Աստծուն չի կարող տեսնել (տե՛ս Եբրայեցիս 12.14 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն, եթե հավատաս Նրա Խոսքին և նվիրվես Նրա պատվիրաններով ապրելու սրբության ընթացքին։ Աստված բարի և սիրող Հայր է։ Նա մեզնից շատ է փափագում Իր և մեր հաղորդակցությանն ու կենդանի հարաբերությանը։ Նա երբե՛ք չի պահանջի Իր զավակներից մի բան, որին հասնելն անհնարին է։ Ընդհակառակը՝ եթե մենք մեր ողջ սրտով ձգտենք Նրա կամքին հնազանդության և սրբության կյանք ապրելուն, ապա Տերը Իր Հոգով կզորացնի մեզ, ուժ կտա և կուղղորդի, որպեսզի մեր սրտի այդ զորավոր փափագը դառնա իրականություն։

Տերն Իրեն հայտնում է Իր Խոսքը հարգող և Իր պատվիրանները պահող մարդկանց։ Տերն Իրեն հայտնում է Իրեն սիրող մարդկանց։ Իսկ թե ինչպիսի՜ զորավոր ուժ և ձգողականություն ունի սրբության կյանքը, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am