Ծրագրի մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 1 7-ից


Աստված ամենահմուտ Վարպետն է

Երեմիայի մարգարեության 18-րդ գլխում մի հրաշալի նկարագրություն կա, որտեղ Աստված ներկայացվում է որպես հմուտ Բրուտ, իսկ մենք՝ որպես կավ Նրա արարող ու ստեղծագործ ձեռքերում։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ընթերցե՞լ ես վերը նշված հատվածն Աստվածաշնչից։ Դու երբևէ մտածե՞լ ես, որ Աստված ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է, որ մենք դառնանք Իր ուզած և ակնկալած մարդիկ։ Նա՛ է Տերը, իսկ մենք՝ Նրա ձեռքի ստեղծագործությունը։ Նա Բրուտն է, իսկ մենք՝ կավը։

«Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով. «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ Ես քեզ լսել կտամ Իմ խոսքերը»։ Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի վրա։ Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մի՞թե Ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ․․․» (Երեմիա 18.1-6)։

Ե՛կ միասին պատկերացնենք, որ Երեմիայի հետ միասին այցելում ենք բրուտի տուն։ Մենք նախ անցնում ենք հին Երուսաղեմի խորդուբորդ փողոցներով և գտնում այն տունը, որտեղ բրուտը կավից արվեստի գլուխգործոցներ էր կերտում։ Հմուտ վարպետն իր կավոտ ձեռքերով գեղեցիկ տեսք էր հաղորդում սեղանի վրա պտտվող կավե զանգվածին, որը շուտով իրականության էր վերածելու վարպետի մտահղացումն ու ակնկալիքը։

Երեմիայի ներկայացրած տեսարանն իր մեջ խորը հոգևոր դաս է պարունակում, որը հազարամյակների ընթացքում արձագանքել է Աստծուն սիրող և Նրան հավատարիմ շատ հավատացյալների սրտերում։ Իսկ քո սիրտը պատրա՞ստ է ընդունելու Տեր Աստծու կողմից Երեմիայի միջոցով փոխանցված այս հոգևոր ճշմարտության օրհնություններն ու դասերը։

Նախևառաջ, ուզում եմ միասին ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Աստված Ինքն է Իրեն համեմատում բրուտի հետ։ Իսկ ի՞նչ կար բրուտի տանը։ Ի՞նչ տեսավ Երեմիան և ի՞նչ կտեսնեինք մենք, եթե նրա հետ միասին այցելեինք բրուտի տուն։ Տեսարանը պարզ էր ու հասկանալի՝ անմշակ կավ, ջուր, որը կավը կպչուն էր դարձնում, պտտվող դուրգը կամ ճախարակը, չորանոցը, թրծման վառարանը և, որ ամենակարևորն է, կավագործի ձեռքերը։

Ամբողջ գործընթացը սկսվում է, երբ բրուտի ափերի մեջ հավաքված կավը դրվում է ճախարակի վրա։ Կավը սկզբում չի էլ կարող պատկերացնել, թե ինչո՛ւ է վարպետ կավագործը սեղմում և ճզմում իրեն։ Չի հասկանում, երբ ջուր է ավելացնում կամ բարակեցնում անոթի պատերը։ Կավը չի պատկերացնում բրուտի մտահղացումը և չի հասկանում իր կերտման ընթացքը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ ընթացքով է անցնում քո՛ կյանքը։ Շատ բաներ, որոնք կատարվում են մեր կյանքում, դեռ չունեն իրենց տրամաբանական բացատրությունները։ Գուցե դու էլ հարցեր ես տալիս Տիրոջը, ինչպես ես, երբ չէի հասկանում, որ Աստված դժվարությունների ու ճնշումների միջոցով Իր ուզած բնավորությունն ու որակներն է կերտում․ «Ինչո՞ւ է այս ամենն ինձ հետ կատարվում», «Ինչո՞ւ ես թույլ տալիս այս ամենն իմ կյանքում, Տե՛ր», «Արդյոք իմ ուժերը կբավականացնե՞ն․․․, ես կդիմանա՞մ այս ճնշմանը»։ Եվ նման շատ այլ հարցեր․․․

Այնուամենայնիվ, երբ մենք հնազանդ կավի պես վստահում ենք ամենահմուտ Վարպետի իմաստությանն ու կամքին, ժամանակի ընթացքում սկսում է նշմարվել Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքի կատարած գործի ողջ գեղեցկությունը։ Միայն այդ ժամանակ ենք մենք հասկանում, որ մեր կյանք այցելած այդ բոլոր իրավիճակներն ուղղակի գործիք էին Տեր Աստծու ձեռքերում՝ մեզնից Իր ուզած անոթները կերտելու համար։

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ ինչ դժվարությունով ու կյանքի ճնշումներով էլ անցնելիս լինես, քո վստահությունը բխի նրանից, որ քո կյանքը հանձնել ես Տեր Աստծու հմուտ ձեռքերի մեջ։ Այդ ժամանակ կարող ես հավատքով և համբերությամբ դիմավորել Նրա սկսած փոխակերպման դժվարին, բայց օրհնյալ ընթացքը։ Այն ամենը, որ տեղի է ունենում քո կյանքում, փոխակերպման ու կերտման մի ընթացք է, որը մի օր քեզ դարձնելու է Նրա փառքի թանկ ու սիրելի անոթը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում