Աստծուն Լսելու ՕրհնություններըՕրինակ

Աստծուն Լսելու Օրհնությունները

ՕՐ 7 7-ից

Լսի՛ր ճշմարտությունը

Սիրելի՛ բարեկամ, կարո՞ղ ես այսօր համոզված ասել, որ Աստված սիրում է քեզ։

Մենք, որպես Տեր Հիսուս Քրիստոսին հավատացող մարդիկ, պետք է մեկընդմիշտ լուծենք այս հարցում բոլոր կասկածների հարցը։ Եթե դու քո կյանքում որոշում ես կայացրել ապրելու որպես Քրիստոսի աշակերտ՝ Նրա սկզբունքները կիրառելով, Նրա արժեհամակարգը քոնը դարձնելով և Նրա ուսուցանած ճշմարտությունները քո որոշումների ուղենիշ ընդունելով, ապա երբեք պետք է չունենաս կասկածի որևէ զգացում, երբ խոսքը վերաբերվում է Աստծո կողմից սիրված լինելուն։ Ժամանա՛կն է, որ վերջ դնես բոլոր ընկճող ու կասկածներ հարուցող մտքերին և հայացքդ ուղղես Տեր Հիսուսին։

Փորձի՛ր ամեն առավոտ լարել քո հոգևոր լսողությունը և լսել, թե ինչ է ասում քեզ Տերը։ Համոզված եմ, որ Նա հերթական անգամ քեզ ապացուցելու է, թե որքան խանդավառ ու անհուն է Իր սերը քո հանդեպ։

Եթե քո կյանքի իրավիճակների ճնշման ներքո երբեմն արթնանում ես տագնապով և հարցնում ինքդ քեզ. «Տե՜ր, արդյո՞ք շարունակում ես սիրել ինձ», ապա համոզված եղիր, որ կասկածի այդ մտքերը թշնամու ձեռագիրն են։ Տիեզերքի Արարիչը՝ տերերի Տերը և թագավորների Թագավորը շարունակո՛ւմ է քեզ սիրել և երբե՛ք չի դադարելու քեզ սիրելուց։

Նա քեզ սիրում է մի գերբնական ու անըմբռնելի սիրով, որը դրդեց Նրան հանուն քեզ Գողգոթայի խաչի վրա զոհաբերելու Իր Որդուն։ Եթե կարիք լիներ անգամ այսօր, ապա Աստված կրկին կզոհաբերեր Իր Որդու կյանքը հանուն իմ և քո փրկության, քանի որ Նրա սերը խիստ նախանձավոր է քո հանդեպ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տեր Հիսուսը խաչի մահով մահացավ բոլոր մարդկանց համար, սակայն կարելի է ասել, որ Նա մահացավ յուրաքանչյուր մարդու համար՝ մեկ առ մեկ… Եվ այս ցուցակի մեջ եմ ես, և այս ցուցակի մեջ ես նաև դու։ Այսօր Տեր Հիսուսը ինձ և քեզ է ուղղում այս խոսքերը. «Ես մահացա քե՛զ համար»։

Նրա սերը քո հանդեպ ավելի զորեղ է, քան ցանկացած այլ բան։ Այն անհամեմատ ավելի զորավոր է, քան․․․

  • ցանկացած բան, որ դու կարող ես զգալ,
  • այն բոլոր ձայները, որոնք կշշնջան, թե Տերն այլևս չի սիրում քեզ,
  • ցանկացած բան, որը ինքնադատապարտության է մղում քեզ։

Նրա սերը զորավո՛ր է։ Այսօր, ընտրիր քո հանդեպ Նրա սիրուն հավատալը։ Ընտրի՛ր Նրա ձայնը լսելը։

Ինչպես Պողոս առաքյալն է պնդում Հռոմեացիներին ուղղված իր ուղերձի մեջ. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (‭‭Հռոմեացիներին‬ ‭8.38-39):

Եվս մեկ անգամ ուզում եմ ասել աստվածաշնչյան անխախտ ու անսասան այս ճշմարտությունը՝ ոչինչը չի կարող բաժանել քեզ Ամենակարող Աստծո անսահման սիրուց։ Պարզապես վարժեցրու քեզ Նրա ձայնը լսելու օրնյալ փորձառության մեջ և ոչ միայն դու դրանում կհամոզվես, այլև մյուսներին կօգնես հասկանալու այս կենարար ճշմարտությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Աստծուն Լսելու Օրհնությունները

Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/