ՏԻՏՈՍԻՆ 3

3
Քրիստոնեական վարք
1Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության. 2ոչ ոքի չչարախոսել, չկռվել, հեզահամբույր լինել, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերել. 3որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։ 4Բայց երբ մեր Փրկչի՝ Աստծու բարությունն ու մարդասիրությունը հայտնվեց, 5նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ, 6որ Աստված առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, 7որպեսզի նրա շնորհով արդարացած հույսի համաձայն՝ ժառանգներ լինենք հավիտենական կյանքի։ 8Այս խոսքն արժանահավատ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս բաների վրա, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, որովհետև այդ է բարին և մարդկանց համար օգտակարը։ 9Իսկ հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները և օրենքի շուրջ ծագած կռիվները հեռո՛ւ վանիր, որովհետև դրանք անօգուտ ու սնոտի են։ 10Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո. 11իմացի՛ր, որ այդպիսին շեղված է և մեղանչում է՝ ինքն իրեն դատապարտելով։
Վերջին հանձնարարություններ և ողջույններ
12Երբ քեզ մոտ ուղարկեմ Արտեմասին կամ Տյուքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մոտ՝ Նիկոպոլիս, որովհետև մտադիր եմ այնտեղ ձմեռել։ 13Զենոնին՝ Օրենքի ուսուցչին, և Ապողոսին շտապ ճանապարհի՛ր, այնպես որ նրանք ոչ մի բանի պակասը չունենան։ 14Մերոնք էլ թող սովորեն բարի գործերի հետամուտ լինել անհրաժեշտ կարիքների հարցում, որպեսզի անօգուտ չլինեն։
15Քեզ ողջունում են բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր մեզ հավատով սիրողներին։ Աստծու շնորհը ձեր բոլորի հետ։

Արդեն Ընտրված.

ՏԻՏՈՍԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք