ՓԻԼԻՄՈՆԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին, 2նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։ 3Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն և աղոթք
4Շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ հիշելով քեզ, 5երբ լսում եմ քո հավատի ու սիրո մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ, 6որպեսզի քո մասնակցությունը հավատին արգասաբեր դառնա այն բոլոր բարիքների ճանաչման համար, որոնք առկա են ձեր մեջ Քրիստոս Հիսուսով։ 7Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։
Պողոսի խնդրանքը
8Դրա համար էլ, թեև Քրիստոսով լիարժեք իրավունք ունեմ հրամայելու քեզ այն, ինչ պատշաճ է, որ անես, 9բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։ 10Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա իմ կապանքների մեջ։ 11Նա մի ժամանակ անօգուտ էր քեզ, բայց հիմա օգտակար է թե՛ քեզ և թե՛ ինձ։ 12Նրան ուղարկեցի քեզ մոտ. դու ընդունի՛ր նրան որպես իմ հարազատ զավակի։ 13Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ Ավետարանի համար։ 14Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։
15Եվ թերևս այն բանի համար նա միառժամանակ հեռացավ, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան, 16այլևս ոչ որպես ստրուկի, այլ ստրուկից շատ ավելի վեր, որպես սիրելի եղբոր։ Եթե ինձ սիրելի է, որքա՜ն առավել քեզ՝ թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև եղբայր Տիրոջով։ 17Եթե ինձ քեզ ընկեր ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ կընդունեիր։ 18Եվ եթե որևէ անիրավություն է գործել քո դեմ կամ պարտապան է քեզ, իմ հաշվի՛ն անցկացրու։ 19Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։ 20Այո՛, եղբա՛յր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրո՛ւ Քրիստոսով։ 21Քո հնազանդությանը վստահելով գրեցի քեզ, որովհետև գիտեմ, որ կանես ասածիցս շատ ավելին։ 22Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տե՛ղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ Աստված ինձ դարձյալ կվերադարձնի ձեզ։
Վերջին ողջույններ
23Ձեզ ողջունում է Եպափրասը, որ ինձ հետ բանտարկված է Քրիստոս Հիսուսի համար, 24ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը՝ իմ գործակիցները։
25Մեր Տեր Հիսուսի շնորհը ձեր հոգու հետ։

Արդեն Ընտրված.

ՓԻԼԻՄՈՆԻՆ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք