ՏԻՏՈՍԻՆ 2

2
Ողջամիտ վարդապետություն
1Բայց դու խոսի՛ր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վարդապետությանը։
2Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։ 3Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ, 4որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, 5լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։
6Հորդորի՛ր նաև երիտասարդներին, որ լինեն խոհեմ, 7բարի գործերի մեջ իրենք իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը, 8ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։
9Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն, 10չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։
Փրկչական շնորհի հայտնությունը
11Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, 12Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ 13և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, 14որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։ 15Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։

Արդեն Ընտրված.

ՏԻՏՈՍԻՆ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք