ՏԻՏՈՍԻՆ 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալը, կոչված Աստծու ընտրյալներին բերելու հավատի և ճշմարտության գիտության, որ աստվածապաշտությամբ է 2և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ, 3բայց իր խոսքը հայտնեց իր ժամանակին՝ քարոզության միջոցով, որն ինձ վստահվեց մեր Փրկիչ Աստծու հրամանով։ 4Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։
Տիտոսի առաքելությունը Կրետեում
5Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։ 6Թեկնածուն պետք է լինի անբասիր, մեկ կնոջ ամուսին, ունենա հավատացյալ որդիներ, ովքեր անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։ 7Որովհետև եպիսկոպոսը՝ որպես Աստծու տնտես, պետք է լինի անբասիր. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ անարգող, ո՛չ կռվազան, ո՛չ դրամաշորթ, 8այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, մաքուր, ժուժկալ, 9ամուր կապված իր սովորած վստահելի վարդապետությանը, որպեսզի կարողանա առողջ վարդապետությամբ հորդորել և կշտամբել հակառակորդներին։ 10Քանի որ բազմաթիվ անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ հրեությունից դարձածների մեջ, 11որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։ 12Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։ 13Եվ ճիշտ է այս վկայությունը։ Դրա համար նրանց խստագույնս կշտամբի՛ր, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ 14և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին և ճշմարտությունից շեղված մարդկանց պատվերներին։ 15Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։ 16Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։
Արդեն Ընտրված.
ՏԻՏՈՍԻՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն