ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 42

42
Ինչի՞ց չպետք է ամաչել
1Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, և մեղանչելու պատճառ չի լինի։
2Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարիշտին արդար դատաստան անելու համար։
3Մի՛ ամաչիր գործընկերոջ և ուղեկցի հետ հաշիվները պահելու և ժառանգությունն ուրիշների հետ բաժանելու համար,
4կշռի և չափի ճշգրտության, քիչ կամ շատ ունեցվածքի համար,
5վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու և չար ծառաների կողերն արնոտելու համար։
6Չար կնոջ հետ լավ է կնիք դնել բերանին, և որտեղ շատ ձեռքեր կան, ունեցվածքդ պահի՛ր փակի տակ։
7Ինչ տալիս ես, հաշվով և կշռո՛վ տուր, իսկ առևտուրը գրանցի՛ր։
8Մի՛ ամաչիր անմիտ մարդուն, հիմարին և պոռնկության պատճառով դատվող ծերունուն խրատելու համար. այդպիսով ցույց կտաս, որ դու ճշմարտապես խրատված մարդ ես, և բոլորի առջև փորձառու կերևաս։
Հոր մտահոգությունն իր դստեր համար
9Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը. միգուցե աղջիկ ժամանակ նա թառամի, միգուցե, երբ ամուսնանա, ատելի դառնա,
10միգուցե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, միգուցե, երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, միգուցե ամուլ մնա։
11Անամոթ դստեր վրա հսկողությո՛ւն հաստատիր, որպեսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջև, որպեսզի զրույցի նյութ չդառնաս քաղաքում և նախատինք՝ ժողովրդի մեջ, որպեսզի քեզ ամոթահար չանի ամբոխի առջև։
Զգուշանալ կանանցից
12Մի՛ նայիր ամեն մարդու գեղեցկությանը և մի՛ նստիր կանանց մեջ,
13քանզի ինչպես շորից ծնվում է ցեցը, այնպես էլ կնոջից՝ չարությունը։
14Լավ է տղամարդու չարությունը, քան կնոջ բարությունը և նրա ամոթը, որ պատճառ է դառնում նախատինքի։
Աստծու գործերի վեհությունը
15Այժմ ես պիտի հիշեմ Տիրոջ գործերը և պիտի պատմեմ, ինչ որ տեսել եմ. Տիրոջ խոսքերով են կատարվում նրա գործերը։
16Արեգակը բոլորին նայում է լուսավորելով, և Տիրոջ գործերը լի են նրա փառքով։
17Տիրոջ սրբերին իսկ չտրվեց նրա բոլոր հրաշալի գործերը պատմելը, որ հաստատեց Ամենակալ Տերը, որպեսզի ամեն ինչ հաստատ մնա նրա փառքի մեջ։
18Նա քննեց անդունդներն ու սրտերը, և դու հիշի՛ր նրա խորագիտությունը։
19Բարձրյալն է, որ իմանում է բոլոր մեղքերը և նայում հավիտենության նշաններին, հայտնի է դարձնում անցյալն ու լինելիքը, բացահայտում գաղտնի բաների հետքերը։
20Նրանից չի խուսափում և ոչ մի մտածություն, նրանից չի թաքնվում և ոչ մի բան։
21Նա կարգավորեց իր իմաստուն մեծագործությունները. նա հավիտենությունից առաջ է և հավիտենական,
22նա երբեք չավելացավ ու չնվազեց և որևէ խորհրդատուի կարիք չունեցավ։
23Որքա՜ն ցանկալի են նրա գործերը, թեպետ դրանք երևում են սոսկ իբրև փայլակ։
24Այս ամենը կենդանի է և հավիտյան մնում է բոլոր կարիքների համար, ամեն ինչ հնազանդ է նրան։
25Ամեն ինչ զույգ է, մեկը մյուսին ներհակ չէ, և նա ոչ մի բան թերի չի ստեղծել։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք