ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 28
28
Ոխակալների մասին
1Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի, և Տերը խստորեն կհաստատի նրա մեղքերը։
2Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այդ ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։
3Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։
4Իր նման մարդու հանդեպ նա ողորմածություն չունի, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։
5Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քավություն կտա նրա մեղքերին։
6Հիշի՛ր քո վախճանը և դադարի՛ր թշնամություն անելուց, հիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ 7և մնա՛ պատվիրանների մեջ։
8Հիշի՛ր պատվիրանները և ոխ մի՛ պահիր մերձավորիդ հանդեպ։
9Հիշի՛ր Բարձրյալի ուխտը և արհամարհի՛ր տգիտությունը։
10Հեռո՛ւ մնա վեճից և կնվազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիվ է բորբոքում, մեղավոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին 11և նրանց մեջ, ովքեր խաղաղությամբ են ապրում, բանսարկություն է գցում։
12Կրակը վառվում է ըստ իրեն սնող նյութի, իսկ կռիվը բորբոքվում է ըստ նրան գրգռող սաստկության. մարդու զայրույթը լինում է ըստ նրա զորության, և ըստ նրա հարստության սաստկանում է նրա բարկությունը։
13Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, և անզիջում կռիվը արյուն է հեղում։
14Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, և եթե նրա վրա թքես, կմարի. սրանք երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։
15Քսուն և երկերեսանին անիծյալ թող լինեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին։
Չար լեզուն
16Երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց, 17ամուր քաղաքներ կործանեց 18և մեծամեծների տներն ավերեց։
19Երրորդ մարդու լեզուն ջանասեր կանանց խելքահան արեց և նրանց զրկեց իրենց վաստակից։
20Ով նրան լսի, հանգիստ չի գտնի և վստահ ու ապահով չի ապրի։
21Մտրակի հարածը վերք է առաջացնում, իսկ լեզվի հարվածը ոսկորներ է փշրում։
22Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզվի երեսից։
23Երջանիկ է նա, ով թաքնվում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը և ով չի կապվել նրա կապանքներով։
24Նրա լուծը երկաթյա լուծ է, նրա կապանքները՝ պղնձե կապանքներ։
25Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լավ է նրանից։
26Նրա ձեռքը թող չլինի բարեպաշտների վրա, և նրանք թող չայրվեն նրա բոցերի մեջ։
27Ովքեր Տիրոջը թողնեն, կընկնեն չար լեզվի ձեռքը. նրանց մեջ կբորբոքվի այն ու չի մարի, նրանց վրա կուղարկվի իբրև առյուծ ու նրանց կոչնչացնի ինձի նման։
28Տե՛ս, քո կալվածքը ամրացրո՛ւ փշե ցանկապատով։
29Պի՛նդ կապած պահիր քո ոսկին և արծաթը, քո խոսքին չափ ու կշի՛ռ տուր և քո բերանին դուռ ու նի՛գ դիր։
30Զգո՛ւյշ եղիր, որպեսզի չգայթակղվես լեզվից, չընկնես դարանակալ մարդու առջև։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 28: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն