ՀՌՈՒԹ 3

3
Հռութը ամուսին է գտնում
1Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտրեմ, որ քեզ լավ լինի։ 2Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։ 3Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։ 4Երբ նա գնա քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, ոտքի կողմից բա՛ց արա ծածկոցը և պառկի՛ր։ Նա քեզ կասի, թե ի՛նչ պիտի անես»։ 5Հռութը նրան ասաց. «Կանեմ այն ամենը, ինչ որ ասես ինձ»։
6Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իր սկեսուրը։ 7Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց։ 8Կեսգիշերվա մոտ մարդը վախեցավ, շփոթվեց՝ տեսնելով, որ իր ոտքերի մոտ մի կին է պառկել։ 9Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։ 10Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։ 11Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի ողջ տոհմը գիտի, որ դու առաքինի կին ես։ 12Ես, արդարև, քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական էլ կա։ 13Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։
14Նա մինչև առավոտ պառկեց նրա ոտքերի մոտ։ Հռութը վեր կացավ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել ինձ մոտ կալը։ 15Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, և Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, և Հռութը մտավ քաղաք։ 16Նա գնաց իր սկեսրոջ մոտ, որը նրան ասաց. «Ի՞նչ եղավ, աղջի՛կս»։ Եվ նա պատմեց նրան այն ամենը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար, 17և ասաց. «Այս վեց չափ գարին տվեց ինձ և ասաց. “Քո սկեսրոջ մոտ ձեռնունայն չգնաս”»։ 18Նոոմինն ասաց. «Նստի՛ր, մինչև որ պարզ լինի մեզ, թե գործն ինչպես կվերջանա, որովհետև այն մարդը չի հանգստանա, մինչև որ այս գործն այսօր չվերջացնի»։

Արդեն Ընտրված.

ՀՌՈՒԹ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք