ՀՌՈՒԹ 2
2
Հռութն աշխատում է Բոոսի արտում
1Նոոմինի ամուսինն այնտեղ մի ազգական ուներ, մեծ կարողության տեր մի մարդ՝ Ելիմելեքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա Նոոմինին այրության տուն տվեց, որ բնակվի նրա մեջ։ 2Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ 3Նա գնաց և մտնելով արտի մեջ՝ հասկ էր հավաքում հնձողների հետևից. և այնպես պատահեց, որ նա հայտնվեց արտի այն մասում, որը Ելիմելեքի ազգական Բոոսինն էր։
4Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։ 5Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված ծառային ասաց. «Ո՞ւմ աղջիկն է դա»։ 6Հնձվորների վրա նշանակված ծառան պատասխանեց ու ասաց. «Մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձավ Մովաբի դաշտից։ 7Նա ասաց. “Թող հնձվորների հետևից հասկաքաղ անեմ և խուրձերից ընկածները հավաքեմ”։ Եկել ու մնացել է այստեղ առավոտից մինչև այժմ, մի փոքր դադար էլ չտվեց այս արտում»։
8Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հենց այստեղ, ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր։ 9Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։ 10Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։ 11Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ 12Քո արածի համար Տերը թող հատուցի քեզ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող լիովին վարձատրի քեզ, որին դու դիմել ես՝ նրա թևերի տակ ապաստան գտնելու համար»։ 13Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։ 14Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։ 15Ապա վեր կացավ հասկ հավաքելու։ Բոոսն իր պատանիներին պատվիրեց և ասաց. «Թող խուրձերի միջից էլ հավաքի, մի՛ ամաչեցրեք նրան, 16այլ տարե՛ք, կուտակված խրձերից էլ նրա առաջը գցե՛ք, թո՛ւյլ տվեք ուտի և հասկ հավաքի, մի՛ հանդիմանեք նրան»։ 17Նա մինչև երեկո այդ արտի մեջ հավաքեց, հավաքածը ծեծեց, և դա մի արդու գարի եղավ։ 18Նա վերցրեց այն և քաղաք մտավ, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Ապա Հռութը հանեց, նրան տվեց այն, ինչ պահել էր կշտանալուց հետո։
19Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։ 20Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։ 21Հռութն իր սկեսրոջն ասաց. «Ճիշտ է, նա ինձ ասաց՝ “Ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր, մինչև որ վերջացնեն իմ ողջ հունձը”»։ 22Նոոմինն իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ նրան ծառայող աղջիկների հետ լինես, և չլինի, թե մի այլ արտում քեզ ուրիշը հանդիպի»։ 23Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։
Արդեն Ընտրված.
ՀՌՈՒԹ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն