ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 15

15
Անձնուրացություն և համբերություն
1Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։ 2Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ՝ նրան ամրապնդելու համար։ 3Քանի որ Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան» (Սաղ. 68(69).10բ)։ 4Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։ 5Եվ համբերության ու ամեն տեսակ մխիթարության Աստված թող ձեզ շնորհի, որ միմյանց համախոհ լինեք Հիսուս Քրիստոսի օրինակով, 6որպեսզի միասիրտ ու միաբերան փառավորեք Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։
7Հետևաբար, ընդունե՛ք միմյանց, ինչպես որ Քրիստոսն ընդունեց ձեզ Աստծու փառքի համար։
Ավետարանը սահմանված է բոլոր ազգերի համար
8Սակայն ասեմ, որ Քրիստոսը թլփատվածների սպասավոր դարձավ Աստծու ճշմարտության համար, որպեսզի նախահայրերին տրված խոստումը հաստատի։ 9Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է.
«Դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ
և սաղմոս պիտի երգեմ քո անվան համար» (Բ Թագ. 22.50, Սաղ. 17(18).49)։
10Եվ դարձյալ ասում է.
«Ուրախացե՛ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։
11Եվ դարձյալ՝
«Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր,
և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ» (Սաղ. 116(117).1)։
12Եսային դարձյալ ասում է.
«Հեսսեի արմատը պիտի ծլի
և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների.
հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
13Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
Պողոսի ծառայությունը հեթանոսներին
14Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել։ 15Բայց որոշ չափով ավելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, ասես հիշեցնելու ձեզ այն շնորհի համար, որ տրված է ինձ Աստծուց՝ 16հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։ 17Ուստի Հիսուս Քրիստոսով պարծենալու բան ունեմ Աստծու առաջ։ 18Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով, 19նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Լյուրիկացիների կողմերը ավարտին հասցրի Քրիստոսի Ավետարանի քարոզությունը։ 20Այսպես ջանացի ավետարանել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը չէր լսվել, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես գրված է.
21 «Նրանք, որոնց չէր պատմվել նրա մասին, պիտի տեսնեն,
և նրանք, որոնք չէին լսել, պիտի իմանան» (Ես. 52.15բ)։
Պողոսի ճամփորդության ծրագիրը
22Ահա թե ինչու շատ անգամներ ձեզ մոտ գալու արգելքներ ունեցա։ 23Բայց այժմ ինձ համար այս կողմերում այլևս գործելու դաշտ չկա, և երկար տարիներ ի վեր մեծ փափագ ունեմ ձեզ մոտ գալու։ 24Երբ անցնելու լինեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ ճանապարհվել այնտեղ, եթե նախ փոքրիշատե ձեզնով լիանամ։ 25Բայց այժմ գնում եմ Երուսաղեմ՝ ծառայելու սրբերին։ 26Քանի որ մակեդոնացիներն ու աքայեցիները հոժարեցին հանգանակություն անել ի նպաստ այն աղքատ սրբերի, ովքեր գտնվում են Երուսաղեմում։ 27Հոժարեցին, որովհետև նաև պարտական են նրանց։ Իրոք, եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտական են նաև նրանց նյութական կարիքներին մասնակից լինել։ 28Արդ, այս ամենը կատարելով և հավաքված արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։ 29Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի ամբողջական օրհնությամբ կգամ։
30Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով, 31որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին, 32որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գալով՝ հանգստանամ ձեզ հետ։ 33Եվ խաղաղության Աստված թող լինի ձեզ ամենքիդ հետ։ Ամեն։

Արդեն Ընտրված.

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք