ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 14

14
Եղբորդ մի՛ դատիր
1Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք առանց երկմիտ խղճով։ 2Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ 3Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։ 4Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել։
5Մեկը վեր է դասում օրն օրից, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Յուրաքանչյուր ոք թող իր համոզումը պահի։ 6Ով կարևորություն է տալիս օրվան, Տիրոջ համար է կարևորություն տալիս, և ով կարևորություն չի տալիս օրվան, Տիրոջ համար կարևորություն չի տալիս։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհություն է հայտնում Աստծուն, և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհություն է հայտնում Աստծուն։ 7Որովհետև մեզնից ոչ ոք չի ապրում ինքն իր համար և չի մեռնում ինքն իր համար։ 8Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եվ արդ, ապրենք թե մեռնենք, Տիրոջն ենք պատկանում։ 9Քրիստոսը հենց դրա համար մեռավ ու վերակենդանացավ, որպեսզի մեռածների և ապրողների Տերը լինի հավասարապես։ 10Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչո՞ւ ես արհամարհում քո եղբորը, քանի որ ամենքս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև, 11որովհետև գրված է.
«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,-
որ ամեն ծունկ իմ առջև է խոնարհվելու,
և ամեն լեզու Աստծուն է խոստովանելու» (Ես. 45.23)։
12Ուրեմն մեզնից յուրաքանչյուրն իր համար Աստծուն հաշիվ է տալու։
Եղբորդ գայթակղության պատճառ մի՛ եղիր
13Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար։ 14Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։ 15Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ 16Ձեր բարին թող հայհոյության պատճառ չդառնա, 17որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով. 18ով սրանցով է ծառայում Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց կողմից։ 19Ուրեմն հետամուտ լինենք խաղաղության և փոխադարձ ամրապնդման։ 20Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն ինչ մաքուր է, բայց սխալ է այն մարդու համար, որ ուտում է՝ գայթակղության առիթ դառնալով։ 21Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։ 22Դու, որ իսկապես հավատ ունես, պահի՛ր քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իրեն այն պատճառով, որ ընկերոջ համար փորձության պատճառ է դառնում։ 23Բայց ով կասկածում է, դատապարտված է, եթե ուտի, որովհետև չի գործում հավատով. որովհետև այն ամենը, ինչ հավատից չի գալիս, մեղք է։

Արդեն Ընտրված.

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք