ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2
2
Քրիստոսի խոնարհությունը և մեծությունը
1Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն, 2լիակատա՛ր դարձրեք իմ ուրախությունը. նո՛ւյնը խորհեք, նույն սե՛րն ունեցեք ձեր մեջ, եղե՛ք միաշունչ, միախորհուրդ։ 3Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն, 4միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։ 5Ձեզնից յուրաքանչյուրը թող ա՛յն զգա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, 6որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, 7այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
8Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
9Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, 10որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, 11և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։
Լույսի նման փայլել աշխարհում
12Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։ 13Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։
14Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, 15որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝ 16կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։ 17Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։ 18Դուք նույնպես ուրախացե՛ք և ուրախակի՛ց եղեք ինձ։
Տիմոթեոսի և Եպափրոդիտոսի առաքելությունը
19Բայց հույս ունեմ Տեր Հիսուսով՝ Տիմոթեոսին շուտափույթ ուղարկելու ձեզ մոտ, որպեսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր լուրերն իմանամ. 20որովհետև նրա նման սրտակից մեկը չունեմ, որ հարազատաբար հոգա ձեզ համար։ 21Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։ 22Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ 23Արդ, հույս ունեմ նրան ուղարկելու, հենց որ վիճակս հստականա։ 24Բայց համոզմունք ունեմ Տիրոջով, որ ինքս էլ շուտով կգամ։
25Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար, 26որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։ 27Իսկապես մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմություն տրտմության վրա չունենամ։ 28Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։ 29Նրան Տիրոջով ընդունե՛ք լիակատար ուրախությամբ և այդպիսիներին պատվեք, 30որովհետև Տիրոջ գործի համար մինչև մահվան դուռը հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի։
Արդեն Ընտրված.
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն