ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 3

3
Փրկության ճշմարիտ ճանապարհը
1Այսուհետև, եղբայրնե՛րս, ուրախացե՛ք Տիրոջով։ Նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։ 2Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք նրանցից, ովքեր թլփատվում են, 3որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը, 4թեպետև ես ինքս էլ կարող եմ մարմնի վրա նույն վստահությունն ունենալ։ Եթե ուրիշ մեկը կարծում է, թե ինքը կարող է մարմնին վստահել, ես առավե՛լ ևս. 5թլփատվել եմ ութերորդ օրը, Իսրայելի ազգից եմ, Բենիամինի ցեղից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի՝ փարիսեցի, 6նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին, արդարությամբ, որ բխում է Օրենքից, անարատ։ 7Բայց այն, ինչ մի ժամանակ ինձ համար օգուտ էր, հիմա վնաս եմ համարում Քրիստոսի համար։ 8Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին 9և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։ 10Եվ սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահվանը, 11որպեսզի հասնեմ մեռելներից հարություն առնելուն։
Առաջ դեպի նպատակակետը
12Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։ 13Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. 14ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ 15Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։ 16Միայն թե ինչի որ հասանք, նո՛ւյնը խորհենք և նո՛ւյն կանոնի համաձայն ընթանանք։
17Եղբայրնե՛ր, նմանվե՛ք ինձ և նայե՛ք նրանց, ովքեր ձեզ տված մեր օրինակով են ընթանում. 18որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ 19Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։ 20Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, 21որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։

Արդեն Ընտրված.

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք