ԹՎԵՐ 6

6
Ուխտյալների կանոններ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը, 3պետք է հրաժարվի գինուց և ցքիից, գինու քացախ կամ ցքիի քացախ չպետք է խմի, և խաղողից պատրաստված որևէ բան չպետք է խմի, թարմ խաղող և չամիչ չպետք է ուտի։ 4Իր ուխտի ողջ ընթացքում նա որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է օգտագործի՝ ո՛չ գինի, ո՛չ էլ չամիչից մինչև կորիզ։ 5Իր ուխտի ողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա՝ իր գլխի մազերն աճեցնելով 6Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝ 7ո՛չ հորը կամ մորը, ո՛չ եղբորը կամ քրոջը։ Նրանց մահվան ժամանակ նրանցով թող չպղծվի, որովհետև Տիրոջն արած ուխտը իր գլխի վրա է։ 8Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ 9Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր առջև, ապա անմիջապես կպղծվի նրա ուխտյալ գլուխը. այդ օրն իսկ նա պետք է ածիլի իր գլուխն ու մաքրվի. յոթերորդ օրը նորից թող ածիլվի։ 10Իսկ ութերորդ օրը նա քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը, թող բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ 11Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ։ Այդպիսով քահանան թող քավի նրա մեղքը, որ ձեռք էր բերել դիակի հետ շփվելուց, և նույն օրն իսկ ենթական թող կրկին սրբագործի իր գլուխը 12և կրկին Տիրոջը նվիրվելու ուխտ անի։ Եվ մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց”։
13Այս է ուխտյալին վերաբերող օրենքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, նա թող Վկայության խորանի դուռը գա 14և Տիրոջը մատուցի իր նվերը՝ արատ չունեցող մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, արատ չունեցող մեկ տարեկան էգ գառ՝ մեղքերի քավության համար, և արատ չունեցող մի խոյ՝ իբրև փրկության զոհ, 15մի զամբյուղ նաշիհի բաղարջ հաց, ձիթայուղով շաղված բլիթներ և յուղով հունցված բաղարջ հացիկներ, իրենց ընծաները և իրենց նվերները։ 16Քահանան այս բոլորը թող դնի Տիրոջ առջև, կատարի մեղքերի քավության և ողջակեզի զոհերը։ 17Այնուհետև թող Տիրոջը մատուցի խոյը՝ իբրև փրկության զոհ՝ բաղարջ հացի զամբյուղի հետ։ Ապա քահանան թող ընծայաբերի նրա ընծաները և նվերները։ 18Վկայության խորանի մուտքի մոտ ուխտավորը թող ածիլի ուխտ արած իր գլուխը և մազը գցի այն կրակի մեջ, որի վրա փրկության զոհն է։ 19Ապա քահանան թող վերցնի խոյի եփված թևը, զամբյուղից մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ և դնի ուխտավորի ձեռքերի մեջ, երբ նա ածիլած կլինի իր գլուխը։ 20Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։ 21Ահա այս է իրեն Տիրոջը ուխտած մարդու և նրա ընծայի մասին օրենքը։ Իսկ եթե ուխտել է ավելին անել, թող կատարի իր խոստացածը»։
Քահանայական օրհնություն
22Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 23«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Երբ օրհնեք Իսրայելի որդիներին, ասե՛ք նրանց. Այսպիսով, կկոչեն իմ անունը Իսրայելի որդիների համար, և ես՝ Տերս, կօրհնեմ նրանց։ 24Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, 25Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ 26Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի”»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք