ԹՎԵՐ 5

5
Անմաքուր մարդկանց արտաքսումը
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել, 3տղամարդ լինեն թե կին, բանակատեղիից արտաքսե՛ք նրանց, որպեսզի չպղծեն բանակատեղիները, որտեղ ե՛ս եմ բնակվում»։ 4Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. բանակատեղիից արտաքսեցին նրանց։ Ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
Հատուցում սխալների փոխարեն
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Տղամարդ կամ կին, որը մարդկային որևէ մեղք գործի, և դրանով արհամարհի Տիրոջ պատվիրանները և հանցավոր դառնա, 7թող խոստովանի իր մեղքը, թող տուժածին հատուցի ամբողջ վնասը՝ մեկ հինգերորդ մասով ավելի։ 8Եթե վնասի հատուցում ստացող չլինի, ապա հատուցումը թող ընծայվի Տիրոջը և պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով նա պետք է քավի իր մեղքը։
9Իսրայելի որդիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները թող քահանային պատկանեն։ 10Ամեն մարդու սրբագործվածը իրենը թող լինի, իսկ եթե մեկն ընծա տա քահանային, նրան թող պատկանի”»։
Օրենքներ պղծության և խանդի մասին
11Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 12«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկի կինը հանցանք գործի՝ դավաճանելով նրան, 13եթե մեկը կենակցի նրա հետ սերմի արձակումով, եթե անգամ այդ վրիպի ամուսնու աչքից, թաքուն մնա, վկա չլինի ու կինն էլ հղի չմնա, միևնույն է, կինը պղծված է։
14Եթե խանդի ոգին տիրի մեկին, և նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթե խանդի ոգին տիրի մեկին, ու նա խանդի իր կնոջը, և կինը պղծված լինի, 15երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։ 16Քահանան կնոջը թող բերի և կանգնեցնի Տիրոջ առջև, 17խեցե ամանով աղբյուրից հոսող մաքուր ջուր վերցնի և Վկայության խորանի հատակի հողից վերցնելով՝ լցնի ջրի մեջ։ 18Քահանան կնոջը թող կանգնեցնի Տիրոջ առջև, մերկացնի նրա գլուխը, նրա ձեռքը տա հիշատակի զոհը՝ խանդի զոհը։ Քահանան, իր ձեռքին ունենալով նզովքի հանդիմանության ջուրը, 19թող երդվեցնի կնոջը և ասի նրան. “Եթե ուրիշի հետ չես կենակցել, հանցանք չես գործել՝ ամուսնուդ դավաճանելով, ապա անմասն լինես նզովքի հանդիմանության այս ջրից։ 20Իսկ եթե ամուսնուդ իշխանության տակ լինելով՝ հանցանք ես գործել և պղծվել ես՝ ամուսնուդ փոխարեն ուրիշի սերմը ընդունելով”,- 21քահանան թող երդվեցնի կնոջը այս նզովքի երդմամբ և ասի նրան. “Տերը թող քեզ նզովքի ու երդման արժանացնի քո ժողովրդի մեջ՝ քայքայելով քո զիստերը և ուռեցնելով քո որովայնը։ 22Նզովքի ջուրը թող լցվի քո որովայնը, ուռեցնի քո որովայնը և քայքայի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող լինի, թող լինի”։ 23Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրվածքը ջնջի-մաքրի նզովքի հանդիմանության ջրի մեջ, 24ապա նզովքի հանդիմանության այդ ջուրը թող տա կնոջը խմելու, որպեսզի նրա մեջ լցվի նզովքի հանդիմանության ջուրը։ Խմելուց առաջ 25քահանան կնոջ ձեռքից թող վերցնի խանդի զոհը, դնի այն Տիրոջ առջև և մատուցի զոհասեղանին։ 26Քահանան բռով թող վերցնի նրա հիշատակի զոհից և դնի զոհասեղանին։ Դրանից հետո կնոջը թող խմել տա հանդիմանության ջուրը։ 27Եթե իրոք պղծված է, և նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա նզովքի հանդիմանության ջուրը թող մտնի նրա մեջ, ուռեցնի նրա որովայնը, քայքայի նրա զիստերը, և կինը նզովված լինի իր ժողովրդի մեջ։ 28Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, ապա թող նա արդարացվի և ստանա իր ամուսնու սերմը։ 29Այս է խանդի օրենքը, երբ կինը, ամուսնու իշխանության տակ լինելով, պղծվի 30կամ երբ խանդի զգացում տիրի տղամարդուն, և նա խանդի իր կնոջը։ Այս դեպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջև, իսկ քահանան նրա նկատմամբ պետք է կիրառի այս օրենքը։ 31Եթե կինը հանցավոր լինի, այդ դեպքում ամուսինը թող անպարտ լինի, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատասխանատվությունը”»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք