ԹՎԵՐ 33
33
Հանգրվաններ Եգիպտոսից դուրս գալուց հետո
1Սրանք են կայանները Իսրայելի որդիների, որոնք Մովսեսի և Ահարոնի գլխավորությամբ իրենց զորքով դուրս ելան Եգիպտոսից։ 2Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ Իսրայելի որդիների երթն ու նրանց կայանները։ Սրանք են նրանց երթի կայանները։ 3Իսրայելի որդիները Ռամեսեից ճանապարհ ընկան առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի հաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջև, Աստծու հզոր պաշտպանությամբ ելան Եգիպտոսից, 4երբ եգիպտացիները թաղում էին իրենց մեռելներին, որոնց կոտորել էր Տերը՝ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին։ Տերը նրանցից վրեժ էր լուծել իրենց աստվածների համար։
5Իսրայելի որդիները, Ռամեսեից մեկնելով, բանակեցին Սոկքովթում։ 6Սոկքովթից մեկնելով՝ բանակեցին Բութանում, որն անապատի մի մասն է։ 7Բութանից մեկնելով՝ բանակեցին Եիրովթի մոտ, որը գտնվում է Բեեղսեպփովնի դիմաց, և բանակեցին Մագդովղի դիմաց։ 8Եիրովթից մեկնեցին և ծովի միջով անցան դեպի անապատ, անապատի միջով երեք օրվա ճանապարհ կտրեցին և բանակեցին Դառն աղբյուրների մոտ։ 9Մեկնեցին Դառն աղբյուրների մոտից և եկան Եղիմ։ Եղիմում ջրի տասներկու աղբյուր կար և արմավի յոթանասուն ծառ։ Նրանք բանակեցին այնտեղ՝ ջրի մոտ։ 10Մեկնեցին Եղիմից և բանակեցին Կարմիր ծովի ափին։ 11Մեկնեցին Կարմիր ծովից և բանակեցին Սին անապատում։ 12Մեկնեցին Սին անապատից և բանակեցին Ռափայում։ 13Մեկնեցին Ռափայից և բանակեցին Եղուսում։ 14Մեկնեցին Եղուսից և բանակեցին Ռափիդինում։ Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չուներ, 15ուստի մեկնեցին Ռափիդինից և բանակեցին Սինայի անապատում։ 16Մեկնեցին Սինայի անապատից և բանակեցին Ցանկության գերեզմաններում։ 17Մեկնեցին Ցանկության գերեզմաններից և բանակեցին Ասերովթում։ 18Մեկնեցին Ասերովթից և բանակեցին Ռաթամայում։ 19Մեկնեցին Ռաթամայից և բանակեցին Ռեմովն Փարեսում։ 20Մեկնեցին Ռեմովն Փարեսից և բանակեցին Ղեմոնայում։ 21Մեկնեցին Ղեմոնայից և բանակեցին Դեսսայում։ 22Մեկնեցին Դեսսայից և բանակեցին Մակեղղաթում։ 23Մեկնեցին Մակեղղաթից և բանակեցին Սոփարում։ 24Մեկնեցին Սոփարից և բանակեցին Քարադաթում։ 25Մեկնեցին Քարադաթից և բանակեցին Մակեղովթում։ 26Մեկնեցին Մակեղովթից և բանակեցին Կատաաթում։ 27Մեկնեցին Կատաաթից և բանակեցին Տարաթում։ 28Մեկնեցին Տարաթից և բանակեցին Մատեկկայում։ 29Մեկնեցին Մատեկկայից և բանակեցին Սելմովնայում։ 30Մեկնեցին Սելմովնայից և բանակեցին Մասուրութում։ 31Մեկնեցին Մասուրութից և բանակեցին Բանեայում։ 32Մեկնեցին Բանեայից և բանակեցին Գադգադ լեռան վրա։ 33Մեկնեցին Գադգադ լեռից և բանակեցին Ետեբաթայում։ 34Մեկնեցին Ետեբաթայից և բանակեցին Եբրոնայում։ 35Մեկնեցին Եբրոնայից և բանակեցին Գեսիովն Գաբերում։ 36Մեկնեցին Գեսիովն Գաբերից և բանակեցին Սին անապատում։ Մեկնեցին Սին անապատից և բանակեցին Փառանի անապատում, այսինքն՝ Կադեսում։ 37Մեկնեցին Կադեսից և բանակեցին Հովր լեռան վրա՝ Եդովմի երկրի մոտ։
38Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ լեռը և մեռավ այնտեղ եգիպտացիների երկրից Իսրայելի որդիների դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի առաջին օրը։ 39Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հովր լեռան վրա։
40Քանանացիների երկրում բնակվող Արադի արքա Քանանեսը տեղեկացավ, որ Իսրայելի որդիները մուտք են գործում իր երկիրը, պատերազմեց Իսրայելի դեմ և նրանցից գերի վերցրեց։
41Իսրայելի որդիները, Հովր լեռից մեկնելով, բանակեցին Սելմովնայում։ 42Մեկնեցին Սելմովնայից և բանակեցին Փենովում։ 43Մեկնեցին Փենովից և բանակեցին Ովբովթում։ 44Մեկնեցին Ովբովթից և բանակեցին Գայիում՝ Հորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում։ 45Մեկնեցին Գայիից և բանակեցին Դեբովն Գադում։ 46Մեկնեցին Դեբովն Գադից և բանակեցին Գեղմովն Դեբղաթեմում։ 47Մեկնեցին Գեղմովն Դեբղաթեմից և բանակեցին Աբարիմ լեռների վրա՝ Նաբավի դիմաց։ 48Մեկնեցին Աբարիմի լեռներից և բանակեցին մովաբացիների երկրի արևմտյան կողմում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։ 49Նրանք բանակեցին Հորդանան գետի մոտ՝ Եսիմովթի և Մեղսատովի միջև, մովաբացիների երկրի արևմտյան կողմում։
50Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. 51«Դիմի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Ահա դուք Հորդանանով անցնում եք դեպի քանանացիների երկիրը։ 52Երկրի բոլոր բնակիչներին կոչնչացնեք ձեր առջևից, կկործանեք նրանց պատկերազարդ կոթողները, կոչնչացնեք նրանց ձուլածո բոլոր կուռքերը, նրանց բոլոր հուշասյուները կվերացնեք մեջտեղից։ 53Կոչնչացնեք երկրի բնակիչներին և կբնակվեք այնտեղ, որովհետև նրանց երկիրը ձեզ եմ տվել իբրև ժառանգություն։ 54#Եբր. և հուն. ունեն նաև Երկիրը կժառանգեք վիճակ գցելով...։ Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։ 55Եթե երկրի բնակիչներին չոչնչացնեք, ձեր կենդանի թողածները փուշ կլինեն ձեր աչքերին և նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կլինեն այն երկրում, որտեղ դուք եք բնակվում։ 56Եվ ինչ մտադրվել էի անել նրանց նկատմամբ, կանեմ ձեր նկատմամբ”»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 33: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն