ԹՎԵՐ 30
30
Օրենքներ ուխտերի մասին
1Մովսեսն Իսրայելի որդիներին հաղորդեց այն ամենը, ինչ Տերն էր պատվիրել իրեն։ 2Մովսեսն Իսրայելի որդիների իշխաններին ասաց. «Ահա թե ի՛նչ է հրամայել Տերը. 3“Եթե որևէ մեկը Տիրոջը ուխտ է անում, երդվում կամ երդումով պարտավորվում է մի բան անել, ապա նա չպետք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից։
4Եթե մի կին իր հոր տանը դեռևս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել կամ երդումով պարտավորվել անել, 5և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն։ 6Իսկ եթե նրա հայրը հավանություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա անվավեր թող լինեն դրանք, և Տերն այդ կնոջն անպարտ թող համարի, քանի որ նրա հայրը հանձնառու չի եղել։
7Եթե կինն ամուսնանա և նախքան ամուսնանալը Տիրոջն ուխտ արած կամ խոստում տված լինի, 8ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։ 9Իսկ եթե նրա ամուսինը հավանություն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են, քանի որ ամուսինը հանձնառու չի եղել։ Տերն այդ կնոջն անպարտ թող համարի։
10Այրի կամ բաժանված կնոջ ուխտերն ու խոստումները պետք է կատարվեն։
11Իսկ եթե կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տվել, 12և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումներն ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն։ 13Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվավեր են, կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է։ 14Ինքն իրեն զրկելու համար արված յուրաքանչյուր ուխտ կամ խոստում նրա ամուսինը պետք է հաստատի կամ մերժի։ 15Եթե կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղյակ լինի ամուսինը և բազում օրեր լռի, ուրեմն հաստատած և ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել։ 16Եվ եթե նրա ամուսինն իր լսած օրից հետո առարկի, ուրեմն ինքն է իր վրա կրում մեղքը”»։
17Սրանք են այն պատգամները, որ Տերը տվեց Մովսեսին ամուսնու և նրա կնոջ, հոր և նրա դստեր մասին, որը դեռևս երիտասարդ հասակում իր հոր տանն է գտնվում։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 30: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն