ԹՎԵՐ 2
2
Ցեղերին տրված կարգադրությունը բանակատեղիում
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց. 2«Յուրաքանչյուր մարդ թող իր գնդի դրոշակի տակ քայլի՝ ըստ իր նահապետական տան։ Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց բանակատեղիի կարգի։
3Արևելյան կողմում նախ թող Հուդայի ցեղը բանակի իր զորքով, և Հուդայի որդիների իշխանը Ամինադաբի որդի Նաասովնը լինի։ 4Նրա զորքում հաշվառված է 74,600 մարդ։ 5Ապա թող բանակի Իսաքարի ցեղը, և Իսաքարի որդիների իշխանը Սովգարի որդի Նաթանայելը լինի։ 6Նրա զորքում հաշվառված է 54,400 մարդ։ 7Նրանց կողքին թող բանակի Զաբուղոնի ցեղը, և Զաբուղոնի որդիների իշխանը Քելոնի որդի Եղիաբը լինի։ 8Նրա զորքում հաշվառված է 57,400 մարդ։ 9Այս բոլորը կազմում են Հուդայի բանակը՝ 186,400. իրենց զորքով առաջինը թող գնան։
10Ռուբենի բանակը թող հարավային կողմում հաստատվի իր գնդով, և Ռուբենի որդիների իշխանը Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։ 11Նրա զորքում հաշվառված է 46,500 մարդ։ 12Նրանց կողքին թող բանակի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխանը Սուրիսադայի որդի Սաղամիելը լինի։ 13Նրա զորքում հաշվառված է 59,300 մարդ։ 14Նրանց կողքին թող բանակի Գադի ցեղը, և Գադի որդիների իշխանը Ռագուելի որդի Եղիսափանը լինի։ 15Նրա զորքում հաշվառված է 45,650 մարդ։ 16Այս բոլորը կազմում են Ռուբենի բանակը՝ 151,450 մարդ. իրենց զորքով երկրորդը թող գնան։
17Այնուհետև պիտի շարժվի Վկայության խորանը և ղևտացիների խումբը՝ բանակների մեջտեղում. ինչպես որ բանակում են, այնպես էլ թող գնան՝ յուրաքանչյուրն ըստ իր կարգի՝ միմյանց հետևից։
18Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։ 19Նրա զորքում հաշվառված է 40,500 մարդ։ 20Նրանցից հետո թող բանակի Մանասեի ցեղը, և Մանասեի որդիների իշխանը Փադասուրի որդի Գամաղիելը լինի։ 21Նրա զորքում հաշվառված է 32,300 մարդ։ 22Նրանցից հետո բանակողը Բենիամինի գունդը թող լինի, և Բենիամինի որդիների իշխանը Գեդեոնի որդի Աբիդանը լինի։ 23Նրա զորքում հաշվառված է 35,400 մարդ։ 24Այս բոլորը կազմում են Եփրեմի բանակը՝ 180,200 մարդ. իրենց զորքով երրորդը թող գնան։
25Դանի բանակը թող հյուսիսային կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Դանի որդիների իշխանը Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։ 26Նրա զորքում հաշվառված է 62,700 մարդ։ 27Նրանցից հետո բանակողը Ասերի ցեղը թող լինի, և Ասերի որդիների իշխանը Եքրանի որդի Փագեելը լինի։ 28Նրա զորքում հաշվառված է 41,500 մարդ։ 29Նրանցից հետո բանակողը Նեփթաղիմի ցեղը թող լինի, և Նեփթաղիմի որդիների իշխանը Ենանի որդի Աքիրեն լինի։ 30Նրա զորքում հաշվառված է 53,400 մարդ։ 31Այս բոլորը կազմում են Դանի բանակը՝ 157,600 մարդ, իրենց զորքով վերջինը թող գնան՝ ըստ իրենց գնդերի»։
32Այս է Իսրայելի որդիների հաշվառումը՝ ըստ իրենց նահապետական տների, բանակների ամբողջական հաշվառումով, իրենց զորախմբերով հանդերձ՝ 603,650 մարդ։
33Ղևտացիները, սակայն, նրանց հետ չհաշվառվվեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
34Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն