ԹՎԵՐ 15
15
Նվիրաբերումի կանոններ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որ ես տալու եմ ձեզ, 3և Տիրոջը ողջակեզ, ողջընծայի զոհ մատուցեք, դրանք լինեն ուխտի, կամավոր, ձեր տոնակատարությունների առթիվ մատուցվող զոհ՝ որպես անուշահոտություն Տիրոջը, եթե արջառ է կամ ոչխար, 4զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաև քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ, 5ողջակեզ կամ զոհ մատուցելիս՝ քառորդ դորակ գինի որպես հեղման ընծա. յուրաքանչյուր զոհաբերվող գառան համար այդչափ գինի կընծայես՝ որպես անուշահոտություն Տիրոջ համար։ 6Խոյը ողջակիզելիս կամ իբրև զոհ նվիրաբերելիս մատուցի՛ր մեկ երրորդ դորակ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ, 7ինչպես նաև որպես հեղման ընծա՝ մեկ երրորդ դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 8Իսկ եթե Տիրոջը արջառ մատուցեք՝ որպես ողջակեզ կամ ուխտի կատարման զոհ կամ փրկության զոհ, 9զվարակի հետ կես դորակ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ կնվիրաբերես, 10և որպես հեղման ընծա՝ կես դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 11Այդպես կվարվես մեկ զվարակի, մեկ խոյի, մեկ գառան, մեկ ոչխարի կամ այծի դեպքում. 12ըստ զոհերի թվի, որ կմատուցեք, նույնն արեք յուրաքանչյուրի դեպքում՝ ըստ դրանց թվի։ 13Բոլոր բնիկները թող այդպես անեն՝ նույնպիսի ընծաներ մատուցելով իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 14Եվ եթե մի եկվոր միանա ձեզ ձեր երկրում և սերնդեսերունդ ապրի ձեզ հետ և ընծա մատուցի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես դուք եք անում, նույնպես էլ թող անի եկվորը. ողջ ժողովուրդն այդպես պիտի զոհ մատուցի Տիրոջը։ 15Միևնույն օրենքը պետք է գործի և՛ ձեզ համար, և՛ ձեզ հետ բնակվող եկվորի համար։ Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար։ Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև։ 16Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը”»։
17Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 18«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ, 19և երբ այդ երկրի հացից ուտեք, մի մասն իբրև նվեր տվեք Տիրոջը. 20ձեր առաջին խմորից Տիրոջը որպես հաս հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացվածի հասի պես։ Այդպես էլ այն առանձնացրեք 21և ձեր առաջին խմորից Տիրոջը սերնդեսերունդ հաս տվեք։
22Եթե մեղանչեք և չկատարեք այս բոլոր պատվիրանները, որ պատվիրեց Տերը Մովսեսին, 23ինչպես որ Տերը Մովսեսի միջոցով հրամայել էր ձեզ և այն օրից հավիտյանս պատվիրել ձեզ և ձեր սերունդներին, 24և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։ 25Քահանան թող քավություն անի Իսրայելի որդիների ողջ հավաքի համար և թողություն տա նրանց, քանի որ ակամա են մեղանչել և բերել են իրենց ընծան որպես զոհ Տիրոջը՝ նրա հանդեպ գործած մեղքերի, իրենց ակամա հանցանքի համար։ 26Եվ թող ներվի Իսրայելի որդիների ողջ հավաքին, ինչպես նաև ձեզ մոտ հաստատված եկվորին, որովհետև ողջ ժողովուրդն է ակամա հանցանք գործել։
27Իսկ եթե մի անձ ակամա մեղանչում է, թող մեկ տարեկան մի էգ ուլ մատուցի մեղքերի քավության համար։ 28Քահանան թող քավություն անի ակամա մեղանչողի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերին։ 29Իսրայելի որդիների բնիկներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար։
30Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից, 31որովհետև արհամարհեց Տիրոջ խոսքը և նրա պատվիրաններն անտեսեց։ Այն անձը թող բնաջնջվի իր ժողովրդի միջից, քանի որ նրա մեղքն իր մեջ է”»։
Շաբաթը խախտող մարդը
32Իսրայելի որդիներն անապատում էին։ Նրանք տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։ 33Տեսնողները նրան՝ շաբաթ օրը փայտ հավաքողին, բերեցին Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ 34և բանտարկեցին, որովհետև չէին կարողանում որոշել, թե ի՛նչ անեն նրան։ 35Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մահվան թող դատապարտվի այդ մարդը։ Ողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։ 36Եվ ողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս հանեց, և ողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս քարկոծեց նրան, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։
Ծոպավոր զգեստների կանոնները
37Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 38«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների քղանցքներին ծոպեր անեն, և քղանցքների ծոպերին կապույտ ժապավեն դնեն։ 39Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։ 40Որպեսզի դուք հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները, և սուրբ կլինեք ձեր Աստծու առջև, 41քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի լինեմ ձեր Աստվածը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն