ՄԱՏԹԵՈՍ 23

23
Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից
(Մրկ. 12.38-40, Ղուկ. 11.39-4244, 20.45-46)
1Այդժամ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ 2և ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ 3Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արե՛ք և պահե՛ք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն ցանկանում շարժել դրանք։ 5Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները#Փոքրիկ տուփեր, որտեղ պահում էին հատվածներ Օրենքից։ Բարեպաշտ հրեաները աղոթքի ժամանակ այն կապում էին իրենց ճակատին կամ բազուկին (Բ Օր. 6, 8) սատանաներից պաշտպանվելու համար։ և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։ 6Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղերը գրավել, ժողովարաններում՝ առաջին աթոռները, 7հրապարակներում ողջույններ ընդունել և մարդկանցից «Ռաբբի, Ռաբբի» կոչվել։ 8Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։ 9Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։ 10Ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև Քրիստոսն է ձեր ուսուցիչը։ 11Ձեր միջից ավելի մեծը ձեր սպասավորը պիտի լինի։ 12Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։
13«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
15Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
16Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով երդվում է տաճարով, կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել»։ 17Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ 18Նաև՝ «Ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել»։ 19Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ 20Արդ, ով երդվում է զոհասեղանի վրա, երդվում է թե՛ զոհասեղանի, թե՛ այն ամենի վրա, որ զոհասեղանին է։ 21Ով երդվում է տաճարով, երդվում է թե՛ տաճարով, թե՛ նրա մեջ Բնակվողով։ 22Եվ ով երդվում է երկնքով, երդվում է Աստծու աթոռով և նրանով, որ նստում է նրա վրա։
23Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։ 24Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս։
25Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։ 26Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի ու պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։
27Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ 28Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։
29Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մարգարեների համար շիրիմներ եք շինում և արդարների գերեզմանները զարդարում՝ 30ասելով. «Եթե մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ 31Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, ովքեր մարգարեներին էին կոտորում։ 32Դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի չափը»։
33«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատապարտությունից։ 34Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու, 35որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։ 36Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենն այս սերնդի վրա է գալու»։
Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ
(Ղուկ. 13.34-35)
37«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։ 38Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ 39Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26, Մտթ. 21.9բ)»։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 23: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք