ՂԵՎՏԱԿԱՆ 1
1
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(1–7)
Ողջակեզ զոհ
1Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։
3Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։ 4Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։ 5Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ 6Ողջակեզը թող քերթեն և անդամահատեն։ 7Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրա կրակ թող դնեն և կրակի վրա փայտ դիզեն։ 8Ահարոնի որդիները՝ քահանաները, անդամատված մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ 9Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
10Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին, 11այն թող մորթեն Տիրոջ առաջ՝ զոհասեղանի հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։ 12Այն թող անդամատեն և քահանաները գլխով ու ճարպով հանդերձ թող դնեն զոհասեղանի վրա եղած կրակի և փայտի վրա, 13փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
14Իսկ եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան թռչուն է, տատրակ կամ աղավնի թող լինի ընծան։ 15Քահանան այն թող մոտ բերի զոհասեղանին, ոլորելով պոկի գլուխը, դնի զոհասեղանին, իսկ արյունը քամի զոհասեղանի խարսխին։ 16Թող պոկի քարաճիկը և իր կեղտով#Գրբ. արմունկները թևերով հանդերձ։ նետի զոհասեղանի մոտ գտնվող մոխրակույտի մեջ։ 17Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն