ԵԼՔ 40

40
Վկայության խորանի կանգնեցումն ու օծումը
1Տերն ասաց Մովսեսին. 2«Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը, 3այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։
4Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։ 5Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։
6Ողջակեզների զոհասեղանը կդնես Վկայության խորանի դռանը և շուրջանակի կօծես խորանն ու այն ամենը, ինչ նրա մեջ է. դրանց չորսբոլորը կսրբես։ 7Ավազանը կդնես Վկայության խորանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ 8Բակը շուրջանակի կօծես և կիջեցնես բակի դռան վարագույրը։ 9Կվերցնես օծության յուղը, կօծես խորանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է. կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետև դրանք սուրբ կլինեն։
10Կօծես ողջակեզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։ 11Կսրբագործես զոհասեղանը, և դա սուրբ սրբություն կլինի։
Կօծես ավազանն ու նրա պատվանդանը և կսրբագործես այն։
12Ահարոնին ու նրա որդիներին կբերես Վկայության խորանի դռան մոտ և նրանց կլվանաս ջրով։ 13Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։
14Մովսեսն այդ ամենը արեց այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն. նա հենց այդպես էլ արեց։ 15Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին՝ ամսամուտին, խորանը կանգնեցվեց։ 16Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները, 17տեղադրեց միջաձողերը, խորանի վրա տարածեց տանիքի ծածկոցները։ Ծածկի երկու շերտերը գցեց խորանի վրա, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ 18Վերցրեց օրենքի քարե տախտակները, դրեց տապանակի մեջ, կրելու ձողերն անցկացրեց տապանակին և Քավությունը դրեց տապանակի վրա։ 19Տապանակը տարավ խորանի ներսը, քաշելով քողաձև վարագույրը՝ ծածկեց Ուխտի տապանակը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
20Սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, խորանի վարագույրից դուրս։ 21Դրա վրա Տիրոջ առաջ դասավորեց Առաջավորության հացը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
22Աշտանակը դրեց Վկայության խորանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմում։ 23Ճրագամանները դրեց դրա վրա՝ Տիրոջ առաջ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
24Ոսկե սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դիմաց։ 25Եվ խունկ ծխեց դրա վրա՝ պատրաստված խունկից, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ 26Նա կախեց խորանի դռան վարագույրը։
27Ողջակեզների զոհասեղանը դրեց Վկայության խորանի դռան մոտ և դրա վրա ողջակեզներ ու զոհեր մատուցեց, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
28Ավազանը դրեց Վկայության խորանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց, 29որպեսզի Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, 30երբ Վկայության խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մոտենան՝ պաշտամունք կատարելու։ Նրանք լվացվում էին դրա միջի ջրով, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
31Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի շուրջը և քաշեց բակի դռան վարագույրը։ Մովսեսն այսպես ավարտեց իր ամբողջ գործը։
Վկայության խորանը՝ լցված Տիրոջ փառքով
(Թվ. 9.15-23)
32Ամպը ծածկեց Վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով։ 33Մովսեսը չէր կարողանում մտնել Վկայության խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով։
34Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները գնում էին իրենց ամբողջ բազմությամբ, 35իսկ երբ ամպը չէր վերանում, չէին գնում, մինչև ամպը վերանար, 36որովհետև Իսրայելի որդիների ողջ երթի ընթացքում ցերեկները խորանի վրա Տիրոջ ամպն էր, գիշերները՝ կրակ։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 40: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք