ՀԵՍՈՒ 21
21
Ղևտացիների քաղաքները
1Ղևիի որդիների ավագները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի ավագներին, 2խոսեցին նրանց հետ Սելովում՝ քանանացիների երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակվելու համար քաղաքներ և մեր անասունների համար նրանց արոտավայրերը տրվեն»։ 3Եվ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով ղևտացիներին ժառանգություն տվեցին հետևյալ քաղաքներն ու դրանց արոտավայրերը։ 4Առաջին վիճակն ընկավ Կահաթի տոհմին. Ահարոնի որդիներին՝ ղևտացի քահանաներին, վիճակով հասան Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից տասներեք քաղաքներ։ 5Կահաթի մնացած մյուս որդիներին վիճակով հասան Եփրեմի ցեղից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից տասը քաղաքներ։ 6Գեթսոնի որդիներին վիճակով հասան Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից տասներեք քաղաքներ։ 7Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակով հասան Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից տասներկու քաղաքներ։
8Իսրայելի որդիները վիճակով ղևտացիներին տվեցին այս քաղաքները և դրանց արոտավայրերը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 9Հուդայի որդիների ցեղը, Շմավոնի որդիների ցեղը և Բենիամինի որդիների ցեղը հետևյալ քաղաքներն անվանապես տվեցին 10Ահարոնի որդիներին՝ Ղևիի որդիներից՝ Կահաթի որդիներից, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել, 11տվեցին Կարիաթարբոկը՝ Ենակի որդիների քաղաքամայրը, այսինքն՝ Քեբրոնը, Հուդայի լեռան վրա, և նրա շուրջը եղած արոտավայրերը։ 12Սակայն նրա ագարակները և ավանները Հեսուն որպես կալվածք տվեց Հեփոնիի որդի Քաղեբին։ 13Ահարոնի որդիներին՝ քահանաներին, սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնից և նրա շրջակայքից բացի տվեցին նաև Լեբնան և նրա արվարձանները, 14Հեթերը և նրա արվարձանները, Հեսթեմովը և նրա արվարձանները, 15Աղոնը և նրա արվարձանները, Դաբիրը և նրա արվարձանները, 16Այինը և նրա արվարձանները, Հետտան և նրա արվարձանները, Բեթսամյուսը և նրա արվարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։
17Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնը և նրա արվարձանները, 18Անաթովթը և նրա արվարձանները, Աղմոնը և նրա արվարձանները, Գաբաան և նրա արվարձանները՝ չորս քաղաքներ։ 19Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին իրենց արոտավայրերով։
20Կահաթի որդիների մնացած տոհմերի ղևտացիներին քաղաքներ բաժին հասան Եփրեմի ցեղից։ 21Նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմը և նրա արվարձանները Եփրեմի լեռան վրա, ինչպես նաև Գազերը և նրա արվարձանները, 22Կաբսեմը և նրա արվարձանները, Վերին Բոթորոնը և նրա արվարձանները, ընդամենը չորս քաղաք։ 23Դանի ցեղից՝ Եղթեկովը և նրա արվարձանները, Գեբեթովնը և նրա արվարձանները, 24Հաղոնը և նրա արվարձանները, Գեթրեմոնը և նրա արվարձանները, ընդամենը չորս քաղաք։ 25Իսկ Մանասեի կես ցեղից՝ Թանաքը և նրա արվարձանները, Բեթսանը և նրա արվարձանները, ընդամենը երկու քաղաք։ 26Կահաթի որդիների մնացած տոհմերի բոլոր քաղաքներն իրենց արվարձաններով թվով տասն էին։
27Ղևտացիներից Գեթսոնի որդիներին Մանասեի կես ցեղից տվեցին սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Գովղանը Բասանում ու նրա արվարձանները, ինչպես նաև Բեեստարան ու նրա արվարձանները, ընդամենը երկու քաղաք։ 28Իսաքարի ցեղից՝ Կեսիոնը և նրա արվարձանները, Դաբրաթը և նրա արվարձանները, 29Երիմովթը և նրա արվարձանները, Նամակների աղբյուրը և նրա արվարձանները, ընդամենը չորս քաղաք։ 30Ասերի ցեղից՝ Մասաաղը և նրա արվարձանները, Աբդոնը և նրա արվարձանները, 31Քեղկաթը և նրա արվարձանները, Ռովբը և նրա արվարձանները, ընդամենը չորս քաղաք։ 32Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Կադեսը Գալիլեայում և նրա արվարձանները, ինչպես նաև Եմաթդովրը և նրա արվարձանները, Նոյեմոնը և նրա արվարձանները, ընդամենը երեք քաղաք։ 33Գեթսոնի բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, տասներեքն էին՝ իրենց արվարձաններով հանդերձ։
34Մերարիի որդիների տոհմերին, այսինքն՝ մնացած ղևտացիներին, տվեցին Զաբուղոնի որդիների ցեղից՝ Հեկնամը և նրա արոտավայրերը, Կադեսը և նրա արոտավայրերը, Կարթան և նրա արոտավայրերը, 35Դեմնան և նրա արոտավայրերը, Նաաղովղը և նրա արոտավայրերը, ընդամենը հինգ քաղաք։ 36Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, Ռուբենի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Բոսորը՝ Միսովրի անապատում, և նրա արոտավայրերը, ինչպես նաև Հազերը և նրա արոտավայրերը, 37Կեդսոնը և նրա արոտավայրերը, Մասփան և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։ 38Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը, 39Եսեբոնը և նրա արոտավայրերը, Ազերը և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։ 40Ղևիի ցեղից մնացած Մերարիի որդիների բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։
41Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքներն ընդամենը քառասունութն էին՝ այդ քաղաքների շուրջը եղած իրենց արոտավայրերով հանդերձ։ 42Այդ քաղաքներն իրենց շուրջն ունեին արոտավայրեր. այդպես էին այդ բոլոր քաղաքները։
42աԵվ Հեսուն ավարտեց երկրի բաժանումն իր սահմաններով։ 42բԻսկ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանի համաձայն Հեսուին բաժին տվեցին այն քաղաքը, որ նա խնդրեց՝ Թամնաթսարան Եփրեմի լեռան վրա։ 42գՀեսուն շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։ 42դՀեսուն վերցրեց այն քարե սրերը, որոնցով թլփատել էր անապատի ճանապարհին ծնված Իսրայելի որդիներին, որոնք չէին թլփատվել անապատում, և պահեց այն Թամնաթսարայում։
43Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։ 44Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։ 45Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ ասել էր Տերն Իսրայելի որդիներին, այլ ամեն բան կատարվեց։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 21: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն