ՀԵՍՈՒ 20

20
Ապաստանի քաղաքները
1Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Տվե՛ք ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ, 3որպես ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամա, դիպվածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպեսզի սպանողը սպանվածի արյունակցի կողմից չսպանվի, մինչև որ ժողովրդի առաջ ատյանում չկանգնի։ 4Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։ 5Եվ եթե սպանվածի արյունակիցը գնա նրա հետևից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպվածաբար է սպանել և նրա դեմ նախկինում ատելություն չի ունեցել։ 6Թող նա այդ քաղաքում բնակվի, մինչև որ ատյանում կանգնի ժողովրդի առաջ, մինչև որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանվի։ Հետո սպանողը թող վերադառնա և գա իր տեղը՝ իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է”»։
7Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա. 8Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։ 9Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և եկած, նրանց մեջ բնակվածների համար որոշված ապաստան քաղաքները, ուր կարող է փախչել ամեն ոք, որ ակամա մարդ է սպանել, որպեսզի չսպանվի սպանվածի արյունակցի ձեռքով, մինչև որ ատյանում չկանգնի ժողովրդի առաջ։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 20: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք