ՀԵՍՈՒ 18
18
Երկրի մնացած մասի բաժանումը
1Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։ 2Իսրայելացիներից յոթ ցեղ էր մնացել, որ իր ժառանգությունը չէր ստացել։ 3Հեսուն նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պետք է ծուլանաք և չմտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեզ տվեց Տերը՝ մեր հայրերի Աստվածը։ 4Ամեն ցեղից ինձ երեքական մա՛րդ տվեք, ես կուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով և չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թե ինչպե՛ս պետք է բաժանել այն»։ Նրանք եկան նրա մոտ, 5ու նա երկիրը նրանց մեջ յոթ մասի բաժանեց։ Եվ ասաց. «Հուդայի ցեղը թող մնա հարավում, Հովսեփի որդիները՝ հյուսիսում, 6իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։ 7Ղևիի որդիները ձեր մեջ բաժին չունեն, որովհետև նրանց բաժինը Տիրոջ համար արված քահանայությունն է. Գադը, Ռուբենը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել էր նրանց»։
8Եվ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Հեսուն պատվիրեց և ասաց. «Անցեք գնացե՛ք, աչքի անցկացրե՛ք երկիրն ու վերադարձե՛ք ինձ մոտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»։ 9Մարդիկ գնացին, շրջեցին երկրում, հետազոտեցին ու տեսան երկիրը և այն ըստ նրա քաղաքների յոթ բաժին անելով՝ չափագրեցին մի գրքի մեջ և բերեցին Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։ 10Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։
Բենիամինին հատկացված երկիրը
11Առաջին վիճակն ընկավ Բենիամինի ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի և Հովսեփի որդիների միջև։ 12Հյուսիսից նրանց սահմանները եղան Հորդանան գետը, Երիքովի հարավից բարձրանալով դեպի հյուսիս, ելնելով լեռան վրա դեպի ծովի կողմը և հասնելով մինչև Բեթ-Ավենի Մաբդարա բնակավայրը. 13այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարավային կողմից, Լուզի հետևից, այսինքն՝ Բեթելից, և սահմաններն իջնում են Ադարի Աստարովթ բնակավայրը, դեպի լեռան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարավում է։ 14Սահմաններն անցնում, պտույտ են տալիս հարավից ծովահայաց ափով, այն սարից, որ հարավում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթ-բաաղ, այսինքն՝ Հուդայի որդիների Կարիաթ-Յարիմ քաղաքը։ Ծովի կողմում ծայրը այս է։ 15Իսկ հարավային կողմում Կարիաթ-բաաղի ծայրից սահմաններն անցնում են Գայի և դուրս են գալիս դեպի Նափթովայի ջրերի աղբյուրը։ 16Սահմաններն իջնում են Ենովմի որդիների հովտի դիմացի լեռան եզերքը, որ հյուսիսում Ենակի ռափայինների մասն է, և հարավից՝ Հեբուսի հետևից, իջնում են Ենովմի որդիների Գայի բնակավայրը և գնում Ռովգելի աղբյուրը։ 17Հյուսիսից կտրում անցնում են Բեթսամյուսի աղբյուրը, գնում են Եդովմինի զառիվերի դիմացը գտնվող Գալիլովթ, իջնում են մինչև Ռուբենի որդու Բաան վեմը. 18հյուսիսից անցնում են Բեթարաբայի թիկունքից և իջնում Արաբա։ 19Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի հետևից, ծովի հյուսիսից և վերջանում են Աղի ծովի հյուսիսային ու Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է նրանց սահմանը հարավից. 20իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը, և սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
21Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Ամենգասիմ, 22Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել, 23Ավիմ, Ափար, Արփա, 24Կարեմ, Քափերամին և Գաբաա՝ տասներկու քաղաքներ և նրանց ավանները, 25Գաբավոն, Ռամմա, Բերովթ, 26Մասփա, Կեփիրա, Ամուսա, 27Ռեկեմ, Հերփայել, Թարաղա, 28Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն