ՀԵՍՈՒ 11
11
Մարովնի ճակատամարտը
1Երբ Ասովրի Հաբին թագավորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մարովնի թագավոր Հովբաբի, Սեմերոնի թագավորի, Աքիփի թագավորի 2և այն թագավորների մոտ, որոնք մեծ Սիդովնի լեռներում և Քեներեթի դիմաց գտնվող Ռաբաթում, դաշտերում և Նաբեթովրում էին, 3քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։ 4Նրանք իրենց թագավորների ու ծովափի ավազի չափ բազմաքանակ զորքերի հետ ճամփա ելան, չափազանց շատ ձիերով ու կառքերով։ 5Հավաքվեցին այս բոլոր թագավորները, եկան միասին և մեկտեղ բանակ դրեցին Մարովնի ջրերի մոտ, որ պատերազմեն Իսրայելի դեմ։
6Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։ 7Հեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զորքը Մարովնի ջրերի մոտ հանկարծակի գնացին նրանց դեմ և լեռնակողմում ընկան նրանց վրա։ 8Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։ 9Հեսուն նրանց հետ այնպես վարվեց, ինչպես որ Տերը պատվիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց և նրանց կառքերը հրով այրեց։
Ասովրի գրավումը
10Այն ժամանակ Հեսուն վերադարձավ և գրավեց Ասովրը, գերեց նրա թագավորին և սպանեց նրան, որովհետև Ասովրն այն բոլոր թագավորությունների գլուխն էր։ 11Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին. նրա մեջ ոչ մի շնչավոր էակ չմնաց։ Ասովրն էլ կրակով այրեցին։ 12Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։ 13Բայց Իսրայելը բլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեց, այլ միայն Ասովրը, որն այրեց Հեսուն։ 14Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։ 15Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, և ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին, այդպես արեց Հեսուն և ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ Մովսեսը պատվիրել էր նրան։
Հեսուի գրաված երկրները
16Հեսուն նվաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը և ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային և արևմտյան կողմը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը, որ լեռան մոտ է, 17Աքեղ սարից մինչև Սեիրի ելքը, մինչև Բաաղգադ և Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագավորներին նա բռնեց և կոտորեց։ 18Այդ բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց, 19և չկար մի քաղաք, որ Տերն Իսրայելի որդիների ձեռքը մատնած չլիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից. բոլորին նվաճեց պատերազմով։ 20Որովհետև Տիրոջից էր, որ կարծրացան նրանց սրտերը, և նրանք պատերազմով դիմավորեցին Իսրայելին, որպեսզի մեռնեն, որպեսզի նրանց ողորմություն չտրվի, այլ բնաջնջվեն, ինչպես որ Տերն էր ասել Մովսեսին։ 21Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց, 22և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։
23Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 11: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն