ՀԵՍՈՒ 1
1
Հեսուն հաջորդում է Մովսեսին
  1Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին. 2«Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։ 3Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կկոխեն, ձեզ կտամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին. 4անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։ 5Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ 6Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։ 7Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։ 8Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։ 9Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Հորդանան գետն անցնելու պատրաստություն
  10Եվ Հեսուն պատվիրեց ժողովրդի դպիրներին՝ ասելով. «Մտե՛ք ժողովրդի բանակի մեջ և հրաման տալով ժողովրդին՝ ասե՛ք. 11“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։
  12Հեսուն խոսեց նաև Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի հետ և ասաց. 13«Հիշե՛ք Տիրոջ խոսքը, որ հաղորդեց ձեզ Մովսեսը՝ նրա ծառան՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, տեղավորեց ձեզ և տվեց ձեզ այս երկիրը։ 14Ձեր կանայք, ձեր մանուկները և ձեր անասունները թող ապրեն այս երկրում, որը ձեզ տվեց Մովսեսը Հորդանան գետի այս կողմում։ Իսկ դուք զինված անցե՛ք ձեր եղբայրներից առաջ և ամբողջ զորությամբ մարտակի՛ց եղեք նրանց, 15մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։ 16Պատասխան տալով՝ Հեսուին ասացին. «Ամեն ինչ, որ պատվիրում ես մեզ, կանենք և կգնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկես մեզ, 17և ամեն բանում ինչպես որ լսում էինք Մովսեսին, այդպես էլ կլսենք և քեզ, միայն թե Տերը՝ մեր Աստվածը, քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։ 18Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։
      Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն