ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6
6
Գեդեոնը և մադիանացիները
1Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց, 2և մադիանացիների ձեռքը զորացավ Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար գոմեր շինեցին լեռներում, քարայրներում և ամրոցներում։ 3Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա, 4բանակում էին նրանց մոտ և փչացնում հողի բերքը մինչև Գազայի սահմանները։ Իսրայելին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։ 5Նրանք գալիս էին իրենց հոտերով, բերում էին իրենց վրանները և մորեխի պես բազմությամբ վրա էին հասնում։ Նրանց և նրանց ուղտերին թիվ չկար։ Հասնում էին Իսրայելի երկիրը և ապականում այն։ 6Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ։ Իսրայելի որդիները աղաղակեցին Տիրոջը։
7Երբ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը, 8Տերն Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, ձեզ դուրս բերեցի ծառայության տնից, 9փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից և բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից և նրանց երկիրը ձեզ տվեցի։ 10Եվ ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք նրանց մեջ”, բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։
11Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։ 12Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ասաց. «Տերը քեզ հետ է, ո՛վ հզորների հզոր»։ 13Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, բայց եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. “Չէ՞ որ Տերը մեզ հանեց Եգիպտոսից”, և հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիանացիների ձեռքը մատնել»։ 14Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և կփրկես Իսրայելը մադիանացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։ 15Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, ինչո՞վ փրկեմ Իսրայելը. իմ տոհմը ամենից աղքատն է Մանասեի ցեղի մեջ, և ես իմ հոր տան կրտսերն եմ»։ 16Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տերը քեզ հետ է, և դու մադիանացիներին կջարդես, ինչպես մեկ մարդու»։ 17Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում, 18մի՛ գնա այստեղից, մինչև որ քեզ մոտ գամ և իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, և կնստեմ այստեղ, մինչև որ հետ դառնաս ինձ մոտ»։ 19Գեդեոնը ներս մտավ, այծերի հոտից մի ուլ մորթեց և մեկ արդու ալյուրից բաղարջ հաց պատրաստեց, միսը դրեց ափսեի վրա, արգանակը կճուճի մեջ լցրեց, դրեց նրա առաջ՝ կաղնու տակ, և երկրպագություն արեց։ 20Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրա, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Նա այդպես էլ արեց։ 21Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և հասցրեց մսին ու բաղարջ հացին։ Քարից կրակ դուրս եկավ ու լափեց միսը և բաղարջ հացերը, և Տիրոջ հրեշտակը հեռացավ նրա աչքից։ 22Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և ասաց. «Օ՜հ, օ՜հ, Տե՛ր, Տե՛ր, ես Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ 23Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։
24Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։ 25Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու քո հոր պարարտ եզն ու յոթ տարեկան երկրորդ եզը և քանդի՛ր քո հորը պատկանող Բահաղի զոհասեղանը, ջարդի՛ր պաշտամունքային փայտե սյունը 26և զոհասեղա՛ն շինիր Տիրոջ՝ քո Աստծու համար, որը քեզ երևաց Մանովզ լեռան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը և ողջակե՛զ արա քո ջարդած սյան կտորտանքով»։ 27Գեդեոնն իր ծառաներից տասներեք մարդ առավ և արեց այնպես, ինչպես նրան ասաց Տերը։ Եվ որովհետև իր հոր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։
28Առավոտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան և տեսան, որ կործանված է Բահաղի զոհասեղանը, և պաշտամունքային սյունը՝ ջարդված, իսկ պարարտ եզը ողջակեզ է հանված շինված զոհասեղանի վրա։ 29Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին և ասացին, թե այդ բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։ 30Քաղաքի մարդիկ ասացին Հովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պետք է մեռնի, որովհետև կործանել է Բահաղի զոհասեղանը և ջարդել է պաշտամունքային սյունը»։ 31Հովասն իր դեմ ելած մարդկանց ասաց. «Այժմ դո՞ւք պետք է պաշտպանեք Բահաղի դատը, և կամ դո՞ւք պետք է փրկեք նրան։ Ով որ նրան վնասել է, կմեռնի մինչև առավոտ։ Եթե նա Աստված է, թող ինքը լուծի իր վրեժը, քանի որ կործանել են իր զոհասեղանը»։ 32Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։
33Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։ 34Տիրոջ հոգին զորացրեց Գեդեոնին, նա եղջերափող փչեց, և Աբիեզերի տոհմի մարդիկ խրախուսվելով գնացին նրա հետևից։ 35Պատգամավորներ ուղարկեց Ասերի, Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերին, և ընդառաջ ելան նրան։
36Գեդեոնն ասաց Աստծուն. «Որպեսզի իմանամ, թե փրկելու ես Իսրայելն իմ ձեռքով, ինչպես որ ասել ես, 37ահա ես կալի մեջ խուզած բուրդ կդնեմ. եթե միայն խուզած բրդի վրա անձրև լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կիմանամ, որ Իսրայելը փրկելու ես իմ ձեռքով, ինչպես որ ասել ես»։ 38Այդպես էլ եղավ. հաջորդ օրն առավոտ կանուխ Գեդեոնը վեր կացավ, քամեց բուրդը, և բրդից մի կոնք լիքը ջուր թափվեց։ 39Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, մի անգամ ևս խոսեմ և մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրա չորություն լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև»։ 40Եվ այն գիշերն Աստված այդպես արեց. միայն բրդի վրա չորություն եղավ, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն