ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5
5
Դեբովրայի և Բարակի երգը
1Այդ օրը Դեբովրան և Աբինեեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.
2«Իսրայելի զորավարների առաջնորդության
Եվ ժողովրդի հոժարության համար
Օրհնեցե՛ք Տիրոջը։
3Լսե՛ք, թագավորնե՛ր,
Ունկնդի՛ր եղեք, նախարարնե՛ր,
Ես Տիրոջն եմ երգում,
Սաղմոս եմ ասում Իսրայելի Աստծուն։
4Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից,
Երբ չվեցիր Եդովմի դաշտերից,
Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց,
Ամպերը ջուր ցողեցին։
5Լեռները շարժվեցին ներկայությունից Տիրոջ՝ նրա որ Սինայից է,
Տիրոջ՝ Իսրայելի Աստծու երեսից։
6Անաթի որդի Սամեգարի օրերին,
Հայելի օրերին
Պակասեցին թագավորները,
Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։
7Իսրայելի մեջ հզորներ չմնացին,
չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան,
մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։
8Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստվածների.
Այն ժամանակ դեռևս անհայտ՝ նոր գեղարդներով
պատերազմեցին իշխանների քաղաքները՝
Քառասուն հազար մարդ՝ Իսրայելի մեջ։
9Իմ սիրտը նվիրված է այն ամենին,
ինչ պատվիրել է Տերն Իսրայելին,
Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։
10Կեսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,
Դատավորների ատյան գնացողնե՛ր,
11Ձա՛յն տվեք նվագածուներին ցնծացողների մեջ.
Այնտեղ թող գովաբանեն արդարությունը Տիրոջ.
Նա զորացրեց արդարությունն Իսրայելի մեջ,
Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջավ քաղաքները։
12Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբովրա՛,
Արթնացրո՛ւ բյուրավորներին ժողովրդի հետ.
Արթնացի՛ր, արթնացի՛ր, խոսի՛ր երգերով։
Զորացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ,
Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինեեմի որդի։
13Այնժամ մեծացավ նրա զորությունը,
Տերն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։
14Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.
Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։
Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան,
Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։
15Իսաքարի զորավարները Դեբովրայի և Բարակի հետ էին,
Եվ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրա։
Ռուբենի տոհմերում
Մեծամեծ հուզմունք կար։
16Ինչո՞ւ են նստել փարախների մեջ
Եվ լսում են ոչխարների մայունը,
Որպեսզի անցնեն Ռուբենի կողմը։
Սրտերի մեծ հուզմունք է բարձրացել։
17Գադը Հորդանան գետի այն կողմում բնակվեց.
Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նավերի մեջ։
Ասերը ծովի եզերքին է բնակվում
Եվ նրա ծոցերում է ապրում։
18Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ,
Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։
19Թագավորներ եկան և պատերազմեցին,
Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ,
Մակեդդովի ջրերի վրա.
Ագահությամբ արծաթ չառա։
20Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,
Պատերազմեցին Սիսարայի դեմ։
21Կիսոնի հեղեղատը՝ այն հին հեղեղատը, քշեց նրանց.
Թող ես կոխոտեմ նրանց, թող իմ ոտքը զորանա։
22Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։
Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։
23“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,-
Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին,
Որովհետև Տիրոջն օգնության չեկան,
Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։
24Կանանց մեջ օրհնյալ լինի Հայելը՝
Կինեցի Քաբերի կինը,
Օրհնյալ լինի նա կանանց մեջ իր վրանում։
25Ջուր խնդրեց, իսկ նա կաթ տվեց,
Իշխանների ամանով կարագ մատուցեց։
26Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,
Իր աջը՝ մուրճին՝ իսպառ ջախջախելու և ոչնչացնելու։
Հարվածեց Սիսարային,
Ջարդեց նրա ծնոտը,
ցիցը խրեց նրա գլխի մեջ և սպանեց։
27Նա ծանրացած ընկավ նրա ոտքերի,
Ընկավ նրա ծնկների միջև,
Այնտեղ կորացավ, մինչև որ գետնին փռվեց, ընկավ թշվառականը։
28Սիսարայի մայրը նայում էր վանդակավոր պատուհանից,
Տեսնում էր Սիսարայի մոտից եկողներին,
Իսկ նրա կառքն ուշանում էր գալու.
- Ինչո՞ւ են նրա կառքի անիվները դանդաղ շարժվում։
29Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան էին տալիս նրան ու ասում,
Հենց ինքն էլ իր խոսքերին պատասխան էր տալիս ու ասում.
30“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան,
Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը,
Սիսարայից ստացված գույնզգույն ավարը,
Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը,
Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։
31Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։
Քեզ սիրողները թող լինեն այնպես,
ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։
Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն