ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2

2
Տիրոջ մեղադրանքն իր ժողովրդին
1Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից ելավ Լացատեղ [𝕸 Բոխիմ] և Բեթել և Իսրայելի տուն ու ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Տերը ձեզ հանեց Եգիպտոսից և բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդվել էր, որ ձեզ կտա և ձեզ ասաց. “Ձեզ հետ դրած ուխտս հավիտյան չեմ դրժի, 2եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։ 3Եվ ես ասացի. “Այլևս չեմ քշի այս ժողովրդին, որին սկսեցի կոտորել և նրան չեմ վերացնի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք թող դառնան, և նրանց չաստվածները ձեզ համար գայթակղություն թող լինեն”»։ 4Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։ 5Դրա համար էլ այն տեղի անունը Լացատեղ դրեցին. և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։
Հեսուի մահը
6Հեսուն արձակեց ժողովրդին, և Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը գնաց իր տունը և իր ժառանգությունը՝ երկիրը ժառանգելու։ 7Եվ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Հեսուի կենդանության բոլոր օրերում և այն ծերերի կենդանության բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Հեսուից հետո և որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայելի մեջ։ 8Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում, 9և նրան թաղեցին իր ժառանգության լեռան վրա՝ Թամնաթարեսում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։ 10Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի մեջ։
Իսրայելը լքում է Տիրոջը
11Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին. 12թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը, 13լքեցին նրան և պաշտեցին Բահաղին ու Աստարտի կուռքերին։ 14Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։ 15Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրա էր, ինչպես ասել էր Տերը և ինչպես երդվել էր Տերը. և խիստ նեղեց նրանց։
16Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին, 17որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։ 18Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։ 19Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։ 20Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը, 21ես այլևս նրանց առաջից չեմ քշի ոչ մի մարդու այն ազգերից, որոնց թողեց Նավեի որդի Հեսուն։ Նա թողեց, 22որ նրանցով փորձի Իսրայելին, թե արդյոք նրանք կզգուշանա՞ն և Տիրոջ ճանապարհով կգնա՞ն, ինչպես զգուշացան նրանց հայրերը, թե՞ ոչ»։ 23Եվ Տերը թողեց այդ ազգերին, անմիջապես չվերացրեց նրանց և չմատնեց նրանց Հեսուի ձեռքը։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք