ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3

3
Երկրում մնացած ազգերը
1Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Հեսուն, որպեսզի նրանցով փորձվի Իսրայելի այն մասը, որը չէր մասնակցել Քանանին տիրելու պատերազմներին. 2նաև որպեսզի պատերազմել սովորեն Իսրայելի որդիների սերունդները, որոնք պատերազմելու փորձ չունեին իրենց նախնիների նման. 3նա թողեց այլազգիների#Այստեղից ամենուր եբրայերեն տեքստի փղշտացի անվան դիմաց հուն. և գրբ. ունեն այլազգի։ հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին, 4որպեսզի նրանցով փորձվի Իսրայելը, և իմացվի, թե կլսե՞ն արդյոք Տիրոջ պատվիրանները, որ նա տվել էր նրանց հայրերին Մովսեսի միջոցով։
5Այսպիսով Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, հեբուսացիների և գերգեսացիների մեջ։ 6Նրանց դուստրերին իրենց համար կին առան և իրենց դուստրերին տվեցին նրանց տղաներին և պաշտեցին նրանց աստվածներին։
Գոդոնիել
7Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։ 8Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։
9Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։ 10Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։ 11Երկիրը քառասուն տարի հանգստացավ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիելը մահացավ։
Ավոդ
12Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։ 13Եվ հավաքեց նրանց դեմ Ամովնի որդիներին և Ամաղեկի որդիներին, գնաց հարվածեց Իսրայելին և տիրեց Արմավենիների քաղաքին։ 14Տասնութ տարի Իսրայելի որդիները ծառայեցին Մովաբի արքա Եգղոմին։
15Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ 16Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց 17ու ընծաները մատուցեց Մովաբի արքա Եգղոմին։ Եգղոմը շատ ծանրամարմին մարդ էր։ 18Երբ Ավոդն իր ընծաները տվեց, արձակեց ընծաները բերողներին։
19Երբ Եգղոմը վերադարձավ Գաղգաղայի կուռքերի մոտից, Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եվ ամենքին ասաց. «Դո՛ւրս ելեք»։ Եվ նրա մոտ եղողները դուրս եկան։ 20Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։ 21Երբ նա վեր կացավ, Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից և խրեց Եգղոմի կողը, 22սրի կոթն էլ խրեց վերքի մեջ։ Ճարպը ծածկեց վերքի բերանը, որովհետև նա սուրը նրա կողից չհանեց։ 23Նրա դեմ ծածկեց վերնատան դռները, կողպեց, ելավ պատշգամբ, և դուրս գալով՝ գնաց։ 24Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակված են, և ասացին. «Գուցե սենյակում նստել է բնական կարիքի համար»։ 25Ամաչելով կանգնեցին ու սպասեցին, բայց ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Ապա վերցրին բանալին, բաց արեցին և տեսան, որ ահա իրենց տերն ընկած-մեռած է գետնին։ 26Մինչ նրանք իրարանցման մեջ էին, Ավոդը փախավ Սիրովթա, և ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրա. նա անցավ կուռքերի մոտով և փախավ-ընկավ Սիրովթա։
27Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։ 28Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։ 29Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մոտ տասը հազար մարդու՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զորավոր մարդկանց, և նրանցից ոչ մի մարդ չազատվեց։ 30Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։
Սամեգար
31Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք