ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15

15
Սամփսոնի վրեժխնդրությունը
1Օրեր հետո՝ ցորենի հնձի ժամանակ, Սամփսոնը, մի ուլ վերցնելով, այցելեց իր կնոջը՝ ասելով. «Մտնեմ սենյակ կնոջս մոտ»։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մոտ մտնի։ 2Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թե դու ատեցիր նրան և նրան կնության տվեցի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քույրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարեն»։ 3Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կլինեմ այլազգիներիդ առաջ, եթե նրանց դեմ չարություն անեմ»։ 4Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսներին կապեց միմյանց՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մեջտեղը և կապեց։ 5Նա ջահերը վառեց կրակով և արձակեց այլազգիների հնձի մեջ, այրեց ցորենի շեղջերը, հնձված դեզերն ու չհնձված ցորենը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։ 6Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև կնոջ հայրը նրա կնոջն առավ և նրա ընկերոջը կնության տվեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հոր տունը, կնոջը և կնոջ հորը։ 7Սամփսոնը նրանց ասաց. «Եթե մի այդքան էլ անեք, դարձյալ չեմ հաշտվի, այլ ձեր ամեն մեկից իմ վրեժը պիտի լուծեմ»։ 8Մեծամեծ հարվածներով զարկեց նրանց սրունքներին ու մեջքին և իջավ բնակվեց Ետեմի հեղեղատի մոտ՝ մի քարայրում։
Սամփսոնը հաղթում է այլազգիներին
9Այլազգիները վեր կացան, բանակեցին Հուդայում և տարածվեցին մինչև Եղքի։ 10Հուդայի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարվենք այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ»։ 11Հուդայից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրա, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»։ 12Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու և այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդվե՛ք, որ չեք սպանի ինձ, տվե՛ք ինձ նրանց ձեռքը, և դուք երբեք մի՛ հանդիպեք ինձ»։ 13Նրանք երդվեցին նրան և ասացին. «Ո՛չ, քեզ չենք սպանի, քեզ միայն կկապենք և կտանք նրանց ձեռքը»։ Եվ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից։ 14Եվ եկան մինչև Ծնոտ. այլազգիներն աղաղակեցին և ընթացան նրա դեմ։ Տիրոջ հոգին աջակից եղավ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրված թելի նման, և կապանքները հալվեցին նրա բազուկներից։ 15Նա էշի մի ծնոտ գտավ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն և դրանով հազար մարդ սպանեց։ 16Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով կբնաջնջեմ նրանց, որովհետև էշի ծնոտով հազար մարդու կոտորեցի»։ 17Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը ձեռքից գցեց և այդ տեղն անվանեց Ծնոտի կոտորած։
18Երբ խիստ ծարավեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, իսկ հիմա ծարավի՞ց պիտի մեռնեմ և անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ 19Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։ 20Սամփսոնը այլազգիների իշխանության օրոք քսան տարի դատեց Իսրայելին։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք