ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 6

6
1Ուստի Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանված ուսուցմանը՝ առանց վերստին կանգ առնելու մահացու գործերից ապաշխարելու, դեպի Աստված հավատի, 2մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի վրա։
3Եվ արդ, այս բանը պիտի անենք, եթե Աստված թույլ տա։ 4Որովհետև մեկ անգամ մկրտվածների համար,- որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5ճաշակեցին Աստծու խոսքի վայելչությունը և հանդերձյալ աշխարհի զորությունները ճանաչեցին,- 6եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։ 7Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։ 8Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանը այրվելն է։ 9Սիրելինե՛ր, թեպետ այսպես եմ խոսում, բայց վստահ եմ ձեզ վրա, որ լավագույն ուղու վրա եք, մանավանդ որ այն առաջնորդում է փրկությանը։ 10Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։ 11Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։ 12Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։
Աստծու հաստատ խոստումը
13Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց,- քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր,- 14նա ինքն իր վրա երդվեց և ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» (Ծնն. 22.16-17)։ 15Եվ այսպես համբերատար լինելով՝ Աբրահամը հասավ խոստմանը։ 16Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։ 17Ահա թե ինչու Աստված, կամենալով առավել ևս ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, 18որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից, 19որը ապահով և հաստատուն խարիսխ է մեր հոգու համար, որ թափանցում է վարագույրից ներս, 20ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։

Արդեն Ընտրված.

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք