ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 2
2
Մեծ փրկությունը
1Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։ 2Որովհետև, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան, 3մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։ 4Աստված այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։
Փրկություն Քրիստոսով և ոչ թե հրեշտակներով
5Քանզի հրեշտակներին չհնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խոսում ենք։ 6Մեկը վկայում է մի տեղ և ասում է.
Մարդն ի՞նչ է, որ հիշես նրան,
կամ մարդու որդին ի՞նչ է,
որ հոգածություն ցուցաբերես նրա հանդեպ։
7 Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր.
փառքով և պատվով պսակեցիր նրան
և քո ձեռքերի գործերի վրա կարգեցիր նրան։
8 Ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերից ներքև (Սաղ. 8.4-6)։
Արդ, ամեն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամեն ինչ նրան հնազանդված չենք տեսնում։ 9Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի. 10որովհետև վայել էր, որ Աստված (նրա համար և նրանով է ամեն բան) կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։ 11Քանզի նա, որ սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են. ահա թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց 12և ասել.
«Պիտի հայտնեմ քո անունը իմ եղբայրներին,
Պիտի գովաբանեմ քեզ քո ժողովրդի հավաքի մեջ» (Սաղ. 21(22).22)։
13Եվ դարձյալ.
«Ես հույսս պիտի դնեմ նրա վրա» (Ես. 8.17)։
Եվ դարձյալ.
«Ահավասիկ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Ես. 8.18)։
14Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային, 15և ազատի նրանց, որ մահվան երկյուղով միշտ գերության վիճակում էին։ 16Ահա թե ինչու նա հրեշտակներին օգնելու համար երբեք ձեռք չմեկնեց, այլ Աբրահամի սերնդին։ 17Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը. 18որովհետև, ինչպես որ ինքը չարչարվեց՝ փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։
Արդեն Ընտրված.
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն