ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 5
5
Պահպանե՛ք ձեր ազատությունը
1Պի՛նդ կացեք և դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ 2Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ ոչնչով չի օգնի։ 3Հաստատում եմ, որ ամեն մարդ, ով թլփատվի, պարտավոր է ամբողջ Օրենքը գործադրել։ 4Դուք, որ ուզում եք Օրենքով արդարանալ, Քրիստոսից կտրված եք, շնորհից զրկված։ 5Իսկ մենք Հոգու զորությամբ, հավատով արդարանալու հույսով ենք սպասում, 6որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։ 7Լավ էիք ընթանում, ո՞վ ձեզ կանգնեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը։ 8Այս համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ 9«Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը» (Ա Կրնթ. 5.6)։ 10Ես հույս ունեմ ձեր հանդեպ Տիրոջով, որ ուրիշ կերպ չեք խորհելու, իսկ ով խռովեցնում է ձեզ, դատապարտության է ենթարկվելու, ով էլ լինի։ 11Ինչ վերաբերում է ինձ, եղբայրնե՛ր, եթե ես թլփատություն էի քարոզում, ապա ինչո՞ւ եմ դեռևս հալածվում։ Այդ դեպքում խաչը կդադարեր գայթակղություն լինելուց։ 12Երանի՜ թե արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։ 13Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։ 14Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 15Իսկ եթե միմյանց խայթեք ու հոշոտեք, զգուշացե՛ք, գուցե միմյանց ոչնչացնեք։
16Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, 17որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։ 18Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա Օրենքի տակ չեք։ 19Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, 20կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, 21չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ 22Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, 23բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։ 24Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։ 25Եթե ապրում ենք Հոգով, Հոգով էլ առաջնորդվենք։ 26Եվ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով։
Արդեն Ընտրված.
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն