ԵԼՔ 39

39
Քահանաների զգեստների պատրաստությունը
(Ելք 28.1-14)
1Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Եփուդը
(Ելք 28.6-14)
2Եփուդը պատրաստեցին ոսկով, ծիրանի, կապուտակ ու կարմիր մանվածքով և նրբահյուս բեհեզով։ 3Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպեսզի դրանք կապեն կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավենով և նրբահյուս բեհեզով։ Զարդարված եփուդի համար պատրաստեցին փոկեր, 4որպեսզի այն ամրացնեն երկու կողմից։ 5Նույն ձևով ոսկուց և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեցին եփուդի վրայի ժապավենը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ 6Ոսկով ժապավենված և ընդելուզված զմրուխտե երկու ակնաքարերի վրա փորագրեցին Իսրայելի որդիների անուններն այնպես, ինչպես կնիքներն են փորագրում, և դրանք ամրացրին եփուդի վրա։ 7Իսրայելի որդիների հիշատակի ակնաքարերն ամրացրին եփուդի ուսին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
Լանջապանակի պատրաստությունը
(Ելք 28.15-30)
8Լանջապանակը պատրաստեցին ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված, ինչպես եփուդն էին պատրաստել։ 9Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. այն ուներ մի թզաչափ երկարություն և մի թզաչափ լայնություն։ 10Դրա վրա կար ակնաքարերի չորս շարք։ Առաջին շարքի վրա կային սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ Դա առաջին շարքն էր։ 11Երկրորդ շարքը նռնաքար էր, շափյուղա և հասպիս։ 12Երրորդ շարքը սուտակ էր, ագատ և մեղեսիկ։ 13Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար և բյուրեղ՝ ոսկով պատված և ընդելուզված։ 14Ակնաքարերն ըստ Իսրայելի որդիների անունների էին։ Նրանց տասներկու անունները գրված և փորագրված էին ըստ տասներկու ցեղերից յուրաքանչյուրի անվան։ 15Լանջապանակի երկու օղակների վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսկեն շղթաներ։ 16Պատրաստեցին ոսկե երկու կոճակներ և ոսկե երկու օղակներ. ոսկե երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին։ 17Հյուսկեն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մեջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մեջ։ Լանջապանակը դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից իրար դեմ դիմաց։ 18Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և լանջապանակի ներսի կողմից ամրացրին եփուդին կցված մասի երկու ծայրերին։ Պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ և դրեցին եփուդի երկու ուսերին ներսի կողմից՝ եփուդի առջևի միացման տեղում։ 19Լանջապանակի օղակների ու եփուդի օղակների միջով կապույտ ժապավեն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպես, որ լանջապանակն ու եփուդը միմյանցից չառանձնանան, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Քահանայական այլ զգեստներ
(Ելք 28.31-43)
20Եփուդի վրա ամբողջությամբ կապուտակ ժապավեններով հյուսված կտավից պատմուճաններ պատրաստեցին։ 21Դրանց օձիքը հյուսածո գործվածքի ճիշտ մեջտեղից էր, իսկ օձիքի շուրջանակի բացվածքը չքանդվող եզր ուներ։ 22Պատմուճանի փեշերին կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից նռան ծաղկաբողբոջներ գործեցին։ 23Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները պատմուճանների ներքևում շուրջանակի դրեցին նռնազարդերի միջև։ 24Նռնազարդերն ու զանգակները պատմուճանների ներքևում շուրջանակի հաջորդում էին միմյանց. պաշտամունք կատարելու համար, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
25Նրանք բեհեզյա հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26ինչպես նաև բեհեզյա ապարոշներ, բեհեզյա խույր, 27բեհեզյա անդրավարտիք։ 28Նրանց համար պատրաստեցին բեհեզից և մանված կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավեններով հյուսված գոտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
29Թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին «Ընծայված Տիրոջը»։ 30Այն կապեցին մի կապույտ ժապավենով, որպեսզի վերևի կողմից ամրացնեն խույրի վրա, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Գործի ավարտը
(Ելք 35.10-19)
31Ավարտվեց Վկայության խորանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամեն ինչ. ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին, այդպես էլ արեցին։ Նվերներից ավելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում։ 32Մովսեսի մոտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա սյուները, վերջինիս խարիսխները, 33խոյերի կարմիր ներկված, մշակված և անմշակ մորթիները, կապույտ վարագույրները, 34Ուխտի տապանակը ծածկող վարագույրը, 35լծակները, կափարիչը, Առաջավորության հացի սեղանն ու դրա ամբողջ սպասքը, Առաջավորության հացը, 36սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսավորության ձեթը, 37ոսկե սեղանը, օծության յուղը, բաղադրյալ խունկը, 38մուտքի վարագույրը, խորանը, 39պղնձե զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը, բակի առագաստները, դրա սյուներն ու խարիսխները, 40վրանի դռան և բակի դռան վարագույրները, պարաններն ու ցցերը, Վկայության խորանի ամբողջ սպասքը, 41սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայության համար նախատեսված զգեստները։ 42Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այդ ամենը այդպես էլ կատարեցին։
43Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 39: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք