ԵԼՔ 38

38
Զոհասեղանի պատրաստումը
(Ելք 27.1-8)
1Չփտող փայտից պղնձապատ զոհասեղան պատրաստեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Զոհասեղանը քառակուսի էր՝ հինգ կանգուն երկարությամբ, հինգ կանգուն լայնությամբ, երեք կանգուն բարձրությամբ։ 2Զոհասեղանի չորս անկյուններին պատրաստեց եղջյուրներ, որոնք զոհասեղանի հետ միաձույլ էին, և դրանք պատեց պղնձով։ 3Պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ մոխիրի ամանները, մոխրահավաքները, տաշտերը, մսահաններն ու կրակամանները։ Այդ ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։ 4Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի վանդակավոր կասկարան, ներքևից մինչև զոհասեղանի մեջտեղը։ 5Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձե չորս օղակներ, որպեսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մեջ։ 6Լծակները շինեց չփտող փայտից և դրանք պատեց պղնձով։ 7Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ, որպեսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն։ Այն պատրաստված էր մույթերից։
Պղնձե ավազանի պատրաստումը
(Ելք 30.18)
8Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ուխտավոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփելու օրը Վկայության խորանի դռան մոտ էին հավաքվել։
Բակի շինությունը
(Ելք 27.9-19)
9Կառուցեց մի բակ։ Բակի հարավային կողմի առագաստները հարյուր կանգուն երկարություն ունեին՝ նրբահյուս բեհեզից։ 10Դրանց սյուները քսան հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Սյուների զարդերն ու խոյակներն արծաթից էին։ 11Հյուսիսային կողմի առագաստներն ունեին հարյուր կանգուն երկարություն։ Դրա սյուները քսան հատ էին, պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Սյուների զարդերն ու խոյակներն արծաթից էին։ 12Բակի ծովահայաց կողմի առագաստները հիսուն կանգուն էին։ Դրանց սյուները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սյուների զարդերն ու խոյակներն արծաթից էին։ 13Բակի արևելյան կողմի առագաստները հիսուն կանգուն էին, 14մի թևի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սյուները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 15Դռան մյուս թևի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սյուները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 16Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահյուս բեհեզից էին։ 17Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների դրվագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սյուները՝ արծաթապատ։
18Բակի դռան վարագույրները կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից էին և նրբահյուս բեհեզով զարդարված։ Քսան կանգուն էր դրանց երկարությունը։ Բարձրությունը հինգ կանգուն էր՝ բակի առագաստներին հավասար։ 19Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս հատ։ Դրանց չորս գալարազարդերն արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ։ 20Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։
Օգտագործված մետաղների քանակը
21Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։ 22Հուդայի ցեղից Բեսելիելը՝ որդին Ուրիի, որը որդին էր Ովրի, արեց այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։ 23Բեսելիելին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը, կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանված նրբահյուս բեհեզ գործածելով, կատարում էր ոստայնանկության, ասեղնագործության ու նկարչության աշխատանքները։
24Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործված ոսկու կշիռը, որը գոյացել էր նվերներից, եղավ քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի։ 25Մարդկանցից հավաքված արծաթե նվերները կշռում էին հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի. մարդագլուխը՝ կես սիկղ՝ ըստ սրբարանի սակագնի։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, որոնք անցնում էին մարդահամարով, վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։ 26Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար. 27հարյուր տաղանդ՝ հարյուր խոյակի համար. մեկ տաղանդ՝ ամեն մի խոյակի համար։ 28Հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղը գործածվեց սյուների գալարազարդերի համար. ոսկով պատվեցին դրանց խոյակները և զարդարվեցին։ 29Նվիրած պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։ 30Դրանով պատրաստվեցին Վկայության խորանի դռան խարիսխները, պղնձե զոհասեղանը, պղնձե զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից հյուսված պարանների ծայրերի օղերը։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 38: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք