Բ ՕՐԵՆՔ 28

28
Օրհնություններ
(Ղևտ. 26.3-13)
1«Եթե անսաք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, և կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, ապա Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի։ 2Եվ այս օրհնությունները կիջնեն քեզ վրա ու կգտնեն քեզ, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը։ 3Օրհնյալ կլինես դու և՛ քաղաքում, և՛ օրհնյալ՝ դաշտում։ 4Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։ 5Օրհնյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 6Օրհնյալ կլինես դու ելնելիս և մտնելիս։ 7Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։ 8Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։ 9Տերը՝ քո Աստվածը, քեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի, ինչպես երդվել է քո հայրերին, եթե անսաս Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին և ընթանաս նրա ճանապարհով։ 10Եվ երկրի բոլոր ազգերը կտեսնեն, որ քեզ վրա է դրված Տիրոջ անունը, ու քեզանից կվախենան։ 11Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։ 12Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ 13Բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Տերը՝ քո Աստվածը, քեզ գլուխ կկարգի, և ոչ թե վերջնամաս, բարձր կլինես և ոչ թե ցածր, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, որ ես հաղորդում եմ քեզ այսօր՝ դրանք պահելու և կատարելու համար։ 14Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։
Անեծքներ
(Ղևտ. 26.14-45)
15«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։ 16Անիծյալ կլինես դու և՛ քաղաքում, և՛ անիծյալ՝ դաշտում։ 17Անիծյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 18Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։ 19Անիծյալ կլինես դու մտնելիս և ելնելիս։ 20Տերը քեզ աղքատ ու կարիքավոր կդարձնի և ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անհաջողության կմատնի, մինչև որ կոտորի քեզ Տերը, մինչև որ քեզ իսկույն ոչնչացնի քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր։ 21Տերը մահ կսփռի քեզ վրա, մինչև որ վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես՝ այն ժառանգելու համար։ 22Տերը քեզ կտանջի տարակուսանքներով, տենդով և դողէրոցքով, խստությամբ ու երկյուղով, խորշակով ու դժգունությամբ, և սրանք քեզ կհետապնդեն, մինչև որ քեզ կորստյան մատնեն։ 23Քո գլխի վրա երկինքը պղնձից կլինի, իսկ քո ոտքի տակի երկիրը՝ երկաթից։ 24Տերը քո արտին փոշու անձրև կթափի, քեզ վրա երկնքից հող կթափի, մինչև որ քեզ սպանի ու կորստյան մատնի։ 25Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։ 26Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, և ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։ 27Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։ 28Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ։ 29Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։ 30Կին կառնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կխլի քեզանից։ Տուն կշինես, բայց ինքդ չես բնակվի նրա մեջ։ Այգի կտնկես, բայց բերքը չես քաղի։ 31Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։ 32Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն. դու կկոցած աչքերով կնայես նրանց, և քո ձեռքը չի հասնի նրանց։ 33Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։ 34Քո տեսնելիք արհավիրքներից կցնորվես։ 35Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։ 36Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։ 37Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։ 38Շատ սերմ կցանես արտում, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխը կուտի այն։ 39Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինի չես խմի, դրանցով չես ուրախանա, որովհետև որդը կուտի այգիդ։ 40Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կլինեն, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթենիները բերք չեն տա։ 41Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քեզ չեն մնա, որովհետև գերության կմատնվեն։ 42Քո բոլոր տնկած ծառերին ու հողի բերքին թրթուրը կհարվածի։ 43Քեզ մոտ բնակվող եկվորը քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու գնալով կիջնես։ 44Նա քեզ փոխ կտա, իսկ դու չես կարողանա նրան փոխ տալ։ Նա գլուխ կլինի, իսկ դու՝ վերջնամաս։ 45Քեզ վրա կիջնեն այս անեծքները, կհալածեն քեզ, մինչև որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ ականջ չդրեցիր Տիրոջ՝ քո Աստծու ձայնին, չպահեցիր նրա այն պատվիրաններն ու օրենքները, որ նա պատվիրեց քեզ։ 46Քեզ ու քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու զարմանահրաշ գործեր կլինեն 47այն բանի փոխարեն, որ Տիրոջը՝ քո Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր ամեն ինչի առատության համար։ 48Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։ 49Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։ 50Այդ ազգը դեմքով լպիրշ կլինի, ծերերին չի հարգի և մանուկներին չի խղճա։ 51Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին և քո երկրի բերքը։ Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչև որ կորստյան մատնի քեզ։ 52Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։ 53Քո թշնամու՝ քեզ պատճառած տառապանքի ու նեղության ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տված տղաներիդ ու աղջիկներիդ միսը։
54Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և նուրբ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, ինչպես նաև իր ծոցում պառկող կնոջն ու ողջ մնացած իր որդիներին, 55և նրանցից ոչ մեկին չի տա իր որդիների մսից, որ ինքը կուտի։ Այսպես պիտի վարվի նա, որովհետև քո անձկության և նեղության մեջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ չպիտի մնա։ 56Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակյաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել գետնի վրա ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնվող ամուսնուն, իր տղային ու աղջկան։ 57Զրկված լինելու պատճառով նա իր անձկության և նեղության մեջ բոլորից թաքուն պիտի խորովի և ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զավակին, որովհետև թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։
58Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը, չվախենաք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվական ու սքանչելի անունից, 59ապա Տերը նոր նշաններով, մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին։ 60Նա քեզ կհիվանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիվանդություններով, որոնցից սոսկում էիր, և որոնք բուն կդնեն քո մեջ։ 61Օրենքների այս գրքում գրված բոլոր հիվանդություններն ու արհավիրքները Տերը կթափի քո գլխին, մինչև որ ոչնչացնի քեզ։ 62Թեև երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու ասածը։ 63Տերն ինչպես որ ուրախանում էր ձեր մեջ ձեզ բարություն անելով ու ձեզ բազմացնելով, Տերը նույն ձևով կուրախանա ձեզ կոտորելով, և դուք կվերանաք այն երկրից, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։ 64Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։ 65Այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ, և քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենա։ Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված հոգի։ 66Քո աչքերի առաջ քո կյանքը մազից կախված կլինի, գիշեր ու ցերեկ կզարհուրես ու վստահ չես լինի քո կյանքի համար։ 67Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։ 68Տերն այդտեղից նավերով, հազարավոր զորքերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն նույն ճանապարհով, որն այլևս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրև ստրուկ ու աղախին կվաճառվեք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։
69Սրանք են ուխտի այն խոսքերը, որ Տերը պատվիրեց Մովսեսին հաստատել Իսրայելի որդիների հետ Մովաբի երկրում, բացի այն ուխտից, որ կնքել էր նրանց հետ Քորեբում։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 28: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք