Բ ՕՐԵՆՔ 24
24
Ապահարզան և վերամուսնություն
1«Եթե մեկը կին առնի ու մերձենա նրան, բայց այնպես պատահի, որ նրա մեջ անարգության հանգամանք նկատելով՝ դադարի նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ 2Եթե այս կինն ամուսնանա այլ մարդու հետ, 3և երկրորդ ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի արձակման թուղթ, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Իսկ եթե նրա երկրորդ ամուսինը մեռնի, 4ապա առաջին ամուսինը, որ արձակեց նրան, իրավունք չունի նրան նորից կնության առնելու, որովհետև համարվում է պիղծ, մերժելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ իբրև ժառանգություն»։
Զանազան օրենքներ
5«Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնա. նրա վրա ոչ մի պարտականություն թող չդրվի, ազատ թող լինի մեկ տարի իր տան մեջ և ուրախացնի իր առած կնոջը։
6Երկանքի վերին ու ստորին մասերը գրավ չվերցնես, որովհետև այդպիսով դրա տիրոջ կյանքն ես գրավ վերցրած լինում։
7Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։
8Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։ 9Հիշե՛ք, թե Տերը՝ ձեր Աստվածը, ի՛նչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։
10Եթե քո մերձավորը որևէ բան է պարտք քեզ, ապա գրավ վերցնելու համար նրա տունը չմտնես. 11կանգնի՛ր դրսում, և պարտք ունեցող մարդն ինքը թող գրավը դուրս հանի։ 12Եթե աղքատ է այդ մարդը և գրավ է տվել իր հագուստը, ապա նրա գրավը չվերադարձրած՝ չքնես, 13այլ արևը մայր մտնելու ժամանակ նրա գրավը կվերադարձնես. նա թող պառկի իր հագուստով, օրհնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, կհիշի քո արածը։
14Մի՛ ուշացրու աղքատ ու կարիքավոր եղբայրների կամ քո քաղաքներում գտնվող եկվորների վարձը տալ. 15նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։
16Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։
17Եկվորի, որբի և այրու իրավունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրավ մի՛ վերցրու, 18որովհետև ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։
19Երբ քո արտը հնձելուց հետո որա մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես։ 20Երբ քաղես քո այգին, քաղից հետո ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկվորին, որբին և այրուն։ Հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, որի համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։ 21Եթե ձիթապտուղ ես քաղում, քաղից հետո մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկվորին, որբին և այրուն։ 22Հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, որի համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 24: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն